«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ելույթում պարզաբանեց՝ ինչի մասին է այսօրվա քննարկումը, նշեց՝ օրինակ՝ իրենք արգելում են «Հայաստան դաշինք Սաքուլիկի հետ» անվանումն օգտագործել, կամ «Գոհարենց չամիչով բուլկի». «Ասում ենք՝ Գոհարենցը չպիտի լինի»:
«Արդյոք այստեղ հետընթա՞ց կա: Ես կարծում եմ՝ ուղիղ հակառակը: Մենք ի՞նչ ենք անում: Ասում ենք՝ գնում ենք դեպի ժողովրդավարություն, որտեղ ընտրություններն անձերի մասին չեն, այլ ծրագրերի, թիմերի, իրենց առաջարկի, իսկ քանի որ այս ուժերն առաջարկ չունեն, իրենց միակ ֆիշկան կա՛մ Սաքուլիկն է, կա՛մ Գոհարը, իրենք այդտեղ ժողովրդավարության լուրջ հետընթաց են նկատում»,- հայտարարեց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ իրենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պաշտպանում են ժողովրդավարությունը նրանցից, ովքեր ուզում են գողանալ ժողովրդի ձայնը, քվեն ու ազատությունը:
«Էս մարդիկ սեփական աթոռի, գույքի, այլ երկրների քաղաքացիության մասին մտածում են, այլ երկրներում իրենց գեներացրած կապիտալի մասին մտածում են, էս մարդիկ ձեր մասին չեն, էս մարդիկ օտար են, օտար լինելու են, իսկ ժողովրդավարության հետընթաց չի լինելու, որովհետև մենք Ընտրական օրենսգիրքը, այլ օրենքներ լավարկում ենք հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից»,- պարզաբանեց Ղազարյանը:
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է արտահերթ նիստ: Օրակարգում 4 նախագիծ է ընդգրկված, որոնք պետք է ընդունել հրատապության կարգով՝ 24-ժամյա ռեժիմով:
Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսված ԱԺ հերթական ընտրություններով, և նախքան ընտրությունները պետք է դրա կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել: Առաջինը Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծն է:
«Երկու կոմպոնենտ ունի նախագիծը. մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը՝ կուսակցությունների անվանումներին»,- պարզաբանել էր Ջուլհակյանը: