ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 8-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։
Կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում ներկայացրել է, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել նման ուժգնության քամին։
«ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման համաձայն՝ նման արագության քամին կարող է զգալի վնասներ պատճառել, այդ թվում՝ կոտրել կամ արմատախիլ անել ծառեր։
Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝
խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր,
լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից,
եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից,
զգուշանալ քամուց թռչող տարբեր առարկաներից։
Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին»,- ասվում է գրառման մեջ։