Ազգային ժողովի՝ ապրիլի 7-ի արտահերթ նիստին ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համաձայնեց՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը կարող է տեխնիկական վրիպակ լինել և շտկվել, ապա հավելեց, որ եթե դա այնպիսի վրիպակ է, որն ազդում է ընտրությունների վրա, ինչ նպատակ է հետապնդում:
Հիմնական զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պարզաբանեց՝ չնայած այն բանին, որ 2021-ին ամբողջությամբ անցում ենք կատարել համամասնական ընտրակարգի, սակայն թե՛ ԱԺ ընտրությունների ժամանակ, թե՛ համամասնական ընտրակարգով իրականացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ շարունակվում են օգտագործվել անձնանուններ, որոնք որևէ կերպ չեն բխում համամասնական ընտրակարգի էությունից:
«Այսինքն՝ մենք անցել ենք համամասնական ընտրակարգի, որը շարունակել է մնալ մեծամասնական իր էությամբ: Այս խնդիրը լուծելու համար և հաշվի առնելով այն կարևորությունը, որն ունի համամասնական ընտրակարգը կուսակցական, խորհրդարանական համակարգերի զարգացման համար, այս փոփոխությունը կատարվել է, և այս փոփոխությունը կատարվել է կուսակցությունների մասին օրենքում՝ արգելելով կուսակցություններին իրենց անվանումներում ունենալ անձնանուն, ԸՕ-ում արգելելով կուսակցությունների դաշինքներին ԱԺ ընտրությունների ժամանակ մասնակցելիս ունենալ դաշինքների անվանումներում անձնանուն, և նույնը՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Որևէ տրամաբանություն չկա այն բանում, որ կուսակցությունների մասին օրենքով արգելվի 1 կուսակցությանն ունենալ անձնանուն իր անվանման մեջ, բայց կուսակցությունների խմբին, մի քանի կուսակցությունների հնարավորություն տրվի, որ նրանք իրենց անվանման մեջ ունենան անձնանուն և համամասնականի տակ մեծամասնական ընտրակարգ առաջ տանեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստին քննարկվում է մի նախագիծ, որը ենթադրում է ԸՕ-ին վերաբերող՝ նախկինում ընդունված մի նախագծում տեխնիկական վրիպակի շտկում: