Սյունիքի մարզի Որոտան բնակավայրում սովորական առօրյա է: Թութ են հավաքում, հարևաններով զրուցում, մեքենա լվանում: Ասում են՝ գյուղի կյանքը բարդ է, բայց 44-օրյա պատերազմից հետո մշտական խնդիրներին մի հիմնականն էլ ավելացել է:
Էլվիրա Օհանջանյան (Որոտանի բնակիչ) - Ճանապարհները լավ չեն:
Պատերազմից հետո Որոտան տանող նոր ճանապարհ է կառուցվում: Բայց եթե նախկինում եղած ճանապարհով Գորիս էին հասնում 15-20 րոպեում, հիմա 1-1,5 ժամ է պահանջվում: Աշխատանքների ավարտից հետո ճանապարհը դժվարանցանելի չի լինի, ու ժամանակը որոշ չափով կկրճատվի: Բայց շինաշխատանքներն այս պահին կասեցված են: Ճանապարհային դեպարտամենտից հայտնեցին՝ նախագիծը փոփոխելու որոշակի անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված առկա սողանքային տեղամասով:
Ներկայումս տրվում են նախագծային նոր լուծումներ՝ սողանքի հատվածը շրջանցելու համար։ Շինարարական աշխատանքներն առաջիկայում կվերսկսվեն։
73-ամյա տիկին Էլվիրան գոհունակությամբ է շեշտում՝ գյուղում երիտասարդությունը շատ է:
Էլվիրա Օհանջանյան - Գյուղի ամենամեծ կինը ես եմ: Այո:
Բայց և անհանգիստ է՝ հանկարծ մի օր երիտասարդները չորոշեն հեռանալ: Կարևոր է, որ այստեղ զբաղվածություն ունենան:
Աշխատանք կա Գորիսում, էդ էլ ամեն մեկը ինչով կգնա, ինչով չի գնա, շատ դժվար ա... Ապրում են էստեղ, բայց շատ դժվարությամբ: Էս ջահելների համար պետք է պետությունը մտածի, որպեսզի էստեղից չթողնեն՝ ամեն մեկը մի երկիր գնա:
Գյուղում երեխաներն էլ քիչ չեն:
Արտաշես Ավանեսյան - Արթնանում ենք, գնում ենք մեր գետում ձկան սետկաներ կան գցած, նայում ենք, հետո գալիս ենք, գործ ա լինում, անում ենք, գնում ենք գետը լողանում: Տենց, էլի, անց ա կենում մեր օրը:
Երեխաները Որոտանից ամեն օր ձուկ են բռնում: Դասերից բացի դա նրանց հիմնական զբաղմունքն է: Ասում են՝ կուզեին՝ գյուղում մարզասրահ լիներ:
Դպրոցում 45 աշակերտ է սովորում: Ուսուցիչների մեծ մասը գալիս է Գորիսից: Գյուղում ջրի խնդիր կա, ամռանը խմելու ջուր ժամով են ստանում, որովհետև չի հերիքում, իսկ ոռոգման ջուր չունեն: Ասացին՝ ջրագիծ անցկացնելու ծրագիր կա: Որոտանում պետական ու ոչ պետական տարբեր ծրագրեր են իրականացվում՝ ցանկացողները անտոկոս վարկ են վերցրել տունը վերանորոգելու համար, այգիների համար ծառեր են ստացել: Սպասում են սահմանն անցած անասունների դիմաց պետության փոխհատուցմանը:
Էլվիրա Օհանջանյան - Տղիս 9 հատ ապրանքը քյացել ա, տյուս եկալ թորքի սահմանը: Տարալ են, մինչև օրս ո՛չ վճարել են, ոչ էլ կովերն են տամ:
Սյունիքի մարզպետարանից պարզաբանեցին՝ խնդրի լուծումը փորձում է տալ Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որն իր հերթին, ըստ առաջնահերթության, ծրագրերն իրականացնում է Սյունիքի մարզի զարգացման ու ներդրումների հիմնադրամին տրվող պետական գումարներից։ Բայց, նշվում է, անասունների դիմաց փոխհատուցման հարցը նուրբ է, որովհետև պետք է ապացուցվի, որ անասունն իրոք անցել է սահմանը:
Քաղաքացուն համայնքը տալիս է տեղեկանք ունեցած և կորցրած անասունի մասին, բայց նաև իրավապահ մարմինները, սահմանապահ զորքերը կամ ՊՆ ստորաբաժանումները պետք է հաստատեն կորուստը:
Փոխհատուցվում է կենդանու շուկայական գնի 70 տոկոսը: 2021 թվականին մի շարք գյուղերում փոխհատուցվել է 29 անասունի դիմաց: Հիմա էլ հաստատված դեպքեր կան: Առաջիկայում ֆինանսավորում լինելուց հետո փոխհատուցումները կտրվեն:
Հեղինակ՝ Աննա Զախարյան