Վերջին օրերին ակտիվ քննարկման առիթ են դարձել Երևանում թափառող շների քնեցման դեպքերը: Շների խնամակալների պնդմամբ՝ քնեցումն իրականացվում է ապօրինի և անհիմն՝ առանց իրենց տեղյակ պահելու: Էլեոնորա Արարատյանի խոսքով՝ շունը քնեցվել է նույնիսկ այն դեպքում, երբ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնին» տեղեկացրել էին, որ իրենց խնամակալության տակ գտնվող կենդանու հետ հարցերի դեպքում դիմեն իրենց, քանի որ բոլոր պատվաստումները կատարվել են, ստերջացրել են, վիրահատել և հոգում են կարիքները:
Էլեոնորա Արարատյան - Հունիսի 29-ին առավոտյան ես կերակրել եմ շանը, երեկոյան շունը անհետացել էր այգուց, մյուս օրը նույնպես շունը չկար, և մենք արդեն անհանգստացած զանգեցինք ՀՈԱԿ: ՀՈԱԿ-ից մեզ, ըստ կլիպսայի համարի, ասացին, որ շունն ունի իբր թե լեյշմանիա:
Էլեոնորան նշում է, որ կենտրոնից թեստի պատասխանը ստանալու բոլոր փորձերն ապարդյուն են եղել, մի քանի օր անց միայն տեղեկացրել են, որ շունը քնեցվել է: Խնամակալները պահանջում են, որ ՀՈԱԿ-ը լինի թափանցիկ և հնարավորություն տա իրենց միջոցներով անցկացնել երկրորդ և երրորդ վերազննում:
Կենդանաբույժները վստահեցնում են, որ լեյշմանիոզ հիվանդությունը ախտորոշող թեստերը անորակ են և չեն կարող հիմք հանդիսանալ կենդանուն քնեցնելու համար, անհրաժեշտ է արյան լաբորատոր հետազոտություն:
Օվսաննա Հովսեփյան («Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր նախագահ) - Եթե մենք լեյշմանիայի դեմ պայքարում ենք միայն Երևան քաղաքում շուն քնեցնելով և մարզերում դրանով չենք զբաղվում, օջախների դեմ ոչինչ չենք անում: Այսինքն՝ լեյշմանիայի դեմ որևէ այլ պայքար չի գնում, բացի Երևան քաղաքում շներին քնեցնելուց, դա նաև հիվանդության կանխարգելման տեսանկյունից է բացարձակ անիմաստ պրոցես ստացվում:
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տվյալներով՝ վերջին 6 ամսում իրենց զննած 2086 շնից 185-ը վարակված են եղել լեյշմանիոզով: Կենտրոնի պնդմամբ՝ շների շատացման հետ հիվանդությունը հատկապես հաճախակի է հանդիպում Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:
Հարություն Առաքելյան («Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Քանի որ կենդանու մոտ առաջին հայացքից սիմպտոմներ չեն նկատվել, կենդանին ենթարկվել է կրկնակի թեստավորման, որի մասին ևս տեղեկացրել են նույն բնակիչներին: Սրանից ավել ՀՈԱԿ-ը նախ պարտավոր չէ անել, և հետո՝ ճիշտ էլ չէ: Եկեք ընդունենք, որ եթե մենք խոսում ենք մեկ շան դեպքի մասին, կազմակերպությունն օրական 20-ից ավել թափառող շուն է բերում, իսկ ամսական դրանց թիվն անցնում է 300-400-ից:
Կենտրոնի տնօրենը պնդում է՝ իրենք իրենց լիազորություններից դուրս ոչինչ չեն անում: Խնամակալության տակ գտնվող շունը, եթե չունի անձնագիր, դիտարկվում է որպես թափառող կենդանի:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան