Եթե 2017 թ. հետազոտությամբ միգրացիոն գործընթացներում ներառված էր Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 35 տոկոսը, այսինքն՝ ամեն երրորդից ավելին, ապա 2019 թ. տվյալներով՝ այդ ցուցանիշը նվազել էր մինչև 26 տոկոս:
ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը հետազոտությունները հիմք ընդունելով փաստում է՝ այս դրական տեղաշարժը սկսվել է 2018 թ.՝ իշխանափոխությունը դրական ակնկալիքներ էր առաջացրել և նվազեցրել է միգրացիոն գործընթացը:
Ռուբեն Եգանյան (ժողովրդագիր) - Նախ՝ հասկանանք՝ ի՛նչ ասել է միգրացիոն գործընթաց: Դա նշանակում է, որ տվյալ տնային տնտեսությունը դիտարկման ժամանակահատվածում ունեցել է տան միգրանտ անդամ՝ կա՛մ գնացած-եկած, կա՛մ արտերկրում գտնվող անդամ: 2021 թ. հետազոտությամբ այդ նվազումը շարունակվել ա և կազմել էր ներառվածության 18 տոկոսից քիչ ավելի, այսինքն՝ ամեն 5-րդ ընտանիքն է, որ ներառված էր միգրացիոն գործընթացներում:
Չնայած 2022 թ. հունվար-փետրվար ամիսներին պակասել է ծնունդների բացարձակ թվաքանակը, աճել է մահացածների թիվը, և արդյունքում կա բնական հավելաճի բացասական ցուցանիշ, բայց դեպոպուլյացիա կունենանք, թե՞ ոչ՝ պարզ կլինի տարեվերջին: Այդ մասին նշում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Աննա Հովհաննիսյան (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող) - Սա զուտ պաշտոնական վիճակագրության թվերն են, պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է իրականացնել խորքային ուսումնասիրություններ, որոնք ճիշտ չէ իրականացնել՝ հիմնվելով 2 ամսվա տվյալների վրա: Վստահ եմ, որ տարվա վերջին այլ պատկեր կունենանք, սովորաբար ծնունդների մեծ թիվ տարեվերջին է լինում:
Ռուբեն Եգանյան - Նույնիսկ մի քանի տարվա տվյալների հիման վրա ժողովրդագրական երևույթների մասին դատողություններ անելը հիմնավորված չէ: Ամեն դեպքում, ըստ ՄԱԿ-ի սանդղակի, մենք ծերացող երկրների շարքում ենք:
Աննա Հովհաննիսյան - Ըստ ՄԱԿ-ի սանդղակի՝ եթե երկրում տարեցների տեսակարար կշիռը 7 տոկոսից բարձր է, համարվում է ծերացող, Հայաստանում կազմում է 14 տոկոս, ինչը նշանակում է՝ այն դասվում է ծերացող երկրների շարքին:
Նշում է՝ ծերացող երկիր ենք ոչ միայն նրա համար, որ ծնելիության ցածր թիվ ունենք, այլ որովհետև մեր տատիկ-պապիկները ավելի երկար են սկսել ապրել: ՀՀ-ում կյանքի սպասվելիք տևողությունն արդեն հասնում է աշխարհում ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիր Ճապոնիային, կանայք՝ մոտ 79, տղամարդիկ 72 տարի են ապրում: Սա լուրջ դրական ցուցանիշ է, որի հիմքում ընկած են առողջապահական համակարգի հասանելիությունն ու լավացումը:
Նշում է՝ 10-20 տարի առաջ հիմնականում տատիկ-պապիկների կյանքի միջին տևողությունը մոտ 60 տարեկանն էր: Ամեն դեպքում, թե մարդկային ինչ ռեսուրս ու ինչ հնարավորություններ ունենք իրականում, ցույց կտա առաջիկայում անցկացվող մարդահամարը:
Մասնագետները նշում են՝ դա հնարավորություն կտա նաև հասկանալու Հայաստանի բնակչության բաշխվածությունը ըստ մարզերի: Բոլոր զարգացած երկրներում համոզվել են՝ կարևորը մարդկային կապիտալն է՝ որակապես ու նաև քանակապես:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան