Մասնավոր դիահերձարանները հնարավոր է՝ զրկվեն գործելու իրավունքից: Դիահերձում կիրականացնեն միայն բուժհաստատություններին կից ախտաբանաանատոմիական ստորաբաժանումները: Առաջարկն օրինագծի տեսքով ներկայացրել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Նարեկ Զեյնալյան (ՀՀ ԱԺ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Իրենք չունեն հյուսվածքաբանական լաբորատորիա, այսինքն՝ մակրոպրեպարատի ուսումնասիրությամբ դրվում է մահվան պատճառ, և խեղաթյուրվում է ամբողջ վիճակագրությունը:
Զեյնալյանի խոսքով՝ Հայաստանում շատ են անհարկի դիահերձումները, և ախտաբանաանատոմիական գործունեությունը ծավալվում է բիզնեսի տրամաբանությամբ: Տեսակետը հիմնավորում է եվրոպական երկրների հետ համեմատությամբ:
Նարեկ Զեյնալյան - Հայաստանում, 2020 թ. տվյալներով, իրականացվել է մահերի 90 %-ի դիահերձում, որը եվրոպական ԱՀԿ-ի երկրների միջին ցուցանիշից ավել է 3.5 անգամ:
Հայաստանում գործում է 8 մասնավոր դիահերձարան: Առողջապահության փոխնախարարի կարծիքով՝ դրանցում չեն պահպանվում նաև բժշկագիտության կանոնները:
Արմեն Նազարյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Շատ հաճախ բնակչության մոտ ախտաբանաանատոմիան դիտարկվում է որպես զուտ դիահերձում. բայց դա ամենևին այդպես չէ: Այն բժշկագիտության հիմնարար ճյուղերից է: Այն կոչված է մարդու կենդանության օրոք դրված ախտորոշումը ճշգրտելու և մահվան վերջնական ախտորոշում և պատճառ ֆիքսելու համար»:
Անհարկի դիահերձումներից խուսափելու համար առաջարկվում է հստակեցնել նաև դիահերձման հիմքերը:
Նարեկ Զեյնալյան - Երբ առկա է արդեն իսկ եզրափակիչ ճշտված ախտորոշում, դիահերձում իրականացնելու պարտադիր պայմանն առաջարկում ենք հանել: Այն կլինի միայն ըստ հարազատների ցանկության:
Նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն: Այն ուժի մեջ կմտնի քվեարկությամբ խորհրդարանում ընդունվելուց և հրապարակվելուց 6 ամիս անց: Մինչ այդ՝ կարգավորումից դուրս գործող դիահերձարանները բուժհաստատություններին միանալու և գործունեությունը շարունակելու հնարավորություն կունենան:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան