ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել էր խորհրդարանական լսումներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ հիմնավորելով դպրոցական գիտելիքների ոչ արդյունավետ իրացման հանգամանքը թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական առարկաների մասով:
Ըստ զեկուցողի՝ հանրակրթության բովանդակության փոփոխությունները լիովին արդարացված են նաև գնահատման կարգի փոփոխության մասով. նախատեսվում է չեղարկել անբավարար գնահատականի շեմը, աջակցել հավելյալ կրթությանը, կիրառել գնահատման բազմազան ձևեր, սովորել ու սովորեցնել, որ գնահատականը միայն թվանշան չէ, որը հաճախ դառնում է «կյանքի ու մահվան» հարց սովորողի, իսկ ավելի հաճախ՝ ծնողի համար:
Փոխնախարարն անդրադարձել է հանրակրթության բովանդակության փոփոխություններին՝ նշելով, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը փորձարկվում է Տավուշի մարզում: Գիտելիքը հմտության և կարողության վերածելու, ինչպես նաև դաստիարակության խնդիր լուծելու հարց է դրվելու դպրոցի առջև:
Հաջորդը՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման քաղաքականության փոփոխությունն է, ուսուցչի մասնագիտական դաշտի ընդլայնումն ու փոխկապակցումը վարձատրության համակարգին: Ուսուցիչն ատեստավորման գործընթաց անցնելու հնարավորություն է ստանալու, որի արդյունքում փոխվելու է ուսուցչի դրույքաչափը:
«Մենք գնալու ենք ատեստավորման կարգի փոփոխությունների: Հաշվարկներն արդեն արված են, որ մենք կարողանանք ուսուցչի 400.000 դրամ աշխատավարձը դարձնել իրականություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Վերապատրաստումներն իրականացվելու են՝ ըստ մասնագիտական կարիքի: Ուսուցիչների համար ընդլայնվելու են տարակարգից օգտվելու հնարավորությունները:
Ներառական կրթության ֆինանսավորման տրամաբանությունն է փոխվում. առաջարկվում է հրաժարվել կրթության բարձրացված չափաքանակով ֆինանսավորումից և անցում կատարել նպատակային ֆինանսավորմանը:
Հաջորդ ուղղությունը հանրակրթության կառավարման համակարգի փոփոխությանն է վերաբերում: Առաջարկվում է բաժանել մասնագիտացված գործառույթները, դպրոցում ունենալ առանձնացված վարչատնտեսական կառավարում, որը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք և կառույցները:
Փոխվելու է դպրոցի գործադիր մարմնի ընտրության եղանակը: Գործող տնօրենների հավաստագրման գործընթացը փոխարինվելու է ատեստավորմամբ, որի հիմքում զարգացման ծրագրերի կատարողականն է լինելու:
Մանկավարժի մոտիվացման հարցում արժևորվել է ուսուցչի աշխատավարձի բարձրացումը: Ընդգծվել է դպրոցների միջև սերտ համագործակցության կարևորությունը: Անթույլատրելի է համարվել տնօրենների՝ կուսակցական գործունեությամբ զբաղվելը, առաջարկ է եղել նաև վերանայել տնօրենի՝ պարտադիր մանկավարժական կրթություն ունենալու դրույթը: Կարծիք է հնչել, որ վարչատնտեսական կառավարման առաջարկվող նոր մոդելը չի գործելու, ավելին՝ այն խնդիրներ է առաջացնելու համակարգում: