Երևանի Արաբկիր վարչական շրջանի շինհրապարակներից մեկում աշխատանքային եռուզեռ է: Մի հատվածում բետոնե շաղախ են անում, մյուսում կռունկավարը վերջին հարկերն է բարձրացնում ծանր քարերը: Կառուցվող բնակելի շենքերի մի մասն ավարտական փուլում է, մյուս մասը դեռ ընթացքի մեջ է: Շինարարությունում ներգրավված աշխատողները նկատում են՝ այս պահին ոլորտը բավականին ակտիվացել է, անգամ արտագնա աշխատանքի մեկնածներն են վերադառնում:
Արթուր Հայրապետյան - Ես շինարարությունում աշխատում եմ 15-20 տարի, տեսնում եմ, որ էս վերջին 2-3 տարում լավացել է շինարարությունը:
Շինարարական ընկերության տեղամասի պետը ևս գոհ է ոլորտի աշխուժությունից, նկատում է՝ ոչ միայն իրենց մոտ է գործը եռում, այլև ամբողջ երկրում:
Արթուր Մխիթարյան (շինարարական ընկերության տեղամասի պետ) - Էսօրվա դրությամբ կա բնակարանների բավականին մեծ պահանջարկ, որովհետև պետությունը տալիս է հնարավորություն մարդկանց ձեռք բերել լավ պայմաններով մատչելի բնակարաններ, որը ստեղծում է նաև պետության համար պահանջարկ:
Այս տարվա հունվար-օգոստոսի տվյալով՝ Հայաստանում ամենամեծ աճ արձանագրած ոլորտներից մեկը հենց շինարարությունն է. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճը 7.3 տոկոս է, իսկ ընդհանուր ծավալը՝ 205 մլրդ 325 մլն դրամ:
Շինարարության ծավալում 40.6 տոկոսը կազմակերպությունների միջոցների հաշվին է եղել, 31.8 տոկոսը՝ պետական բյուջեի, 23.9 տոկոսը բնակչության միջոցների, 2.8 տոկոսը համայնքների միջոցների և 0.9 տոկոսը մարդասիրական օգնության միջոցների:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Արաբկիրով, Կենտրոնով և նույնիսկ ծայրամասերում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, բազմահարկ շենքերի փնջեր են կառուցվում:
Ոչ միայն առանձին շենքեր, այլև մի ամբողջ թաղամաս: Մուլտիպլիկատիվ էֆեկտով այն անընդհատ տեղափոխում է դա տնտեսության մյուս ճյուղերը՝ և՛ շինանյութերի արտադրության, և՛ տարբեր ոլորտների ծառայությունների մատուցման, և՛ նաև շինարար մասնագետների՝ այլևս Հայաստանի Հանրապետությունում աշխատելու հնարավորությամբ:
Իշխանությունը վերջին շրջանում հորդորում է ապակենտրոնացնել շինարարությունը: Մոտ մեկ առաջ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը կառուցապատողներին կոչ արեց երկրի համաչափ զարգացման համար շինարարությունը տեղափոխել Հայաստանի տարբեր հատվածներ:
Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկում է մարզերի բնակչության համար գնային քաղաքականության դեպքում այլ մոտեցում որդեգրել:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Որովհետև գնային այն քաղաքականությունը, որ գործում է մայրաքաղաքում, չի կարող հարմար լինել մարզի բնակչությանը: Մարզի գնողունակությունը քառակուսի մետրը 300-400 դոլարից ավելին չէ, և մենք պետք է կարողանանք այնպիսի նոր տեխնոլոգիաներ դնել, որ բնակարանների գները ավելի ցածր և մատչելի ստանանք մարզերում: Նման դեպքում, իհարկե, մենք կարող ենք նաև լուրջ զարգացումներ սպասել նաև մարզերում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան