Նրա ստեղծած առաջին լուսնագնացներն ու մարսագնացներն անցան հարյուրավոր կմ-եր Երկրի արբանյակի և հարևան մոլորակների վրայով՝ մարդկությանը փոխանցելով առաջին տեղեկություններն անծանոթ տիեզերքի մասին: Նա Վլադիկավկազում՝ Տրապիզոնից գաղթած հայկական ընտանիքում ծնված Ալեքսանդր Քեմուրջյանն է: Աշխարհահռչակ ճարտարագետի 100-ամյակին է նվիրված նախագահական նստավայրում հրավիրած գիտաժողովը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Մարդիկ սկսելու են ապրել Լուսնի վրա, բայց միևնույն է՝ առաջին լուսնագնացը, որ հիմքն է ապագա լուսնագնացների, մարսագնացների, Քեմուրջյանի լուսնագնացն է, և այն մնալու է որպես հանճարող ինժեներական լուծում և դառնալու է սիմվոլը մնացած բոլոր մեքենաների, որ ճանապարհրդելու են Մարսի, Լուսնի և այլ հեռավոր մոլորակների վրա:
Հայ հանճարեղ ինժեների տիեզերական ճանապարհորդությունը նոր դարաշրջանի սկիզբ դարձավ համաշխարհային գիտության մեջ: Բայց նրա կյանքի և գործունեության մասին տեղեկությունները երկար տարիներ գաղտնի են պահվել Խորհրդային Միությունում:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Ես պատկերանում եմ, թե ինչպիսի ինքնաբավ գիտնական է եղել Քեմուրջյանը, երբ որ չի խոսվել իր մասին, բայց ինքը ստացել է այն գերագույն հաճույքը, որը կարող է ստանալ գիտնականը իր հետազոտության արդյունքներով:
Քեմուրջյանի անունով աստղակերպ է անվանակոչել: Բրիտանական հրատարակչություններից մեկը նրան ներառել է «20-րդ դարի նշանավոր մարդկանց ցանկում»: Չեռնոբիլի միջուկային աղետի ժամանակ տաղանդավոր ինժեների ղեկավարությամբ ստեղծված ինքնավար ռոբոտներն աշխատել են ավելի քան 200 ժամ՝ կանխելով մինչև 1000 զինծառայողի ներգրավումը փրկարարական աշխատանքներում: Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակի առթիվ շրջանառության մեջ դրվեց նամականիշ:
Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան թողարկել է «Քեմուրջյան» մեդալը, որին էլ այսօր արժանացան «Սթարմուս» փառատոնի տնօրեն Գարիկ Իսրայելյանն ու Եվրոպայի տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Դորդեն:
Ժան-Ժակ Դորդեն (Եվրոպայի տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն) - Այսօր մենք խոսում ենք Ալեքսանդր Քեմուրջյանի մասին, որը Խորհրդային Միության՝ հայկական արմատներով գիտնական է, բայց իր գյուտերն ամբողջ աշխարհի համար են: Նա աշխարհի քաղաքացի է:
Այս գիտաժողովը համարվում է հաջորդ տարի Հայաստանում նախատեսվող գիտության և արվեստի միջազգային «Սթարմուս» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառումը:
Գարիկ Իսրայելյան («Սթարմուս» փառատոնի տնօրեն) - Մենք մի անգամ դա արել ենք Նորվեգիայում, հիմա կանենք Հայաստանում: Դա Սթարմուսի քաղաքի ծրագիրն է, որին մասնակցելու է 50-1000 հազար մարդ: Հանդիպումներ համալսարաններում, դպրոցներում, մի շաբաթ շատ ինտենսիվ բան է լինելու: Չկարծեք, թե «Սթարմուսը» շատ ուրիշ միջոցառումների նման փակվելու է համալիրում, ու վերջ, նման բան չկա:
2023-ին Հայաստանում Տիեզերական գործակալության աշխատանքի մեկնարկը նախատեսող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը կարևորում է «Սթարմուսի» անցկացումը մեր երկրում:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Սա այն միջոցառումներից է Հայաստանն աշխարհին ներկայացնելու, որը լավագույններից է: Մենք ուզում ենք, որ Հայաստանի իմիջը փոխվի, ներկայանանք որպես այնպիսի երկիր, որը հայտնի է բարձր տեխնոլոգիաներով, ինժեներական մտքով:
Ակնկալվում է, որ «50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոին կմասնակցեն աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր՝ բարձրացնելով Հայաստանի գրավչությունը հազարավոր զբուսաշրջիկների համար: