Փողոցի լռությունը հարևանների համար դեռ անսովոր է: Ավետիսի բարևը բոլորին էր փողոց հանում, երբեմն էլ սովորական բարևը փողոցում դառնում էր սուրճի սեղան:
Ավետիսը այստեղ բոլորի որդին էր: Շատերն արտագնա աշխատանքի են, իսկ Ավետիսը հասցնում էր օգնել բոլորին՝ տանը, դրսում: Տիկին Գայանեի և Ավետիսի վերջին հանդիպումը սեպտեմբերի 26-ին էր: Միասին էին այգում, խնդրեց նկարել և տղաներին ուղարկել: Ուղարկեց, բայց ուրիշ նկար:
Գայանե Ղևոնդյան - Ես իր մահացած նկարը ուղարկեցի իմ տղերքին:
Ավետիս Ավետիսյանը սեպտեմբերի 27-ին որպես կամավոր մեկնել էր Արցախ՝ տանը թողնելով ծնողներին, հղի կնոջն ու ավագ որդուն: երկու օր անց Ավետիսն ընկավ Բերձորում՝ թշնամու գնդակից:
Ընտանիքին վշտակցելու և իրենց զորակցությունը հայտնելու համար վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը այցելել էին Ավետիսյաններին: Ավետիսը 40 տարեկան էր, 4,5 տարվա պայմանագրային զինծառայող: Ավագ որդին՝ Խաչիկը, գիտի՝ հայրն անմահացավ, որ հայրենիքը հարատև ապրի: Նկարի մոտ հորը խոսք է տվել՝ նրա գործը կշարունակի, կդառնա զինվորական:
Ծանր կորստից հետո ընտանիքում ծնունդ կա: Ավետիսի մահից 40 օր անց ծնվեց երկրորդ որդին՝ Ալենը: Մայրն ասում է՝ նորածինը դարձել է միակ սփոփանքը: Իսկ հարևանները փորձում են ինչ-որ կերպ լրացնել Ավետիսի բացը, որ ծնողները միայնակ չլինեն:
Որպես պայմանագրային` Ավետիսը ամսվա կեսը սահմանին էր՝ ծառայության: Երբ տանն էր լինում՝ հող էր մշակում: Հիմա այգին խնամող ձեռքի կարիք ունի:
Հայրն ասում է՝ սրտի խորքում ուզում է հավատա՝ տղան դեռ սահմանին է, կգա, իր ձեռքով կմշակի այգին: