Առաջարկվում է որպես էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ նախատեսել էներգիայի պահեստավորումը՝ կայանի կառուցման և էներգիայի պահեստավորման փուլերով (ժամանակահատվածներով): Լիազոր մարմնի առաջարկի հիման վրա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այս լիցենզիաները կտրամադրվեն մրցութային եղանակով:
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օօերնսդրական փաթեթը: Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը:
Նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորող կայան կառուցելու (վերակառուցելու), շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք: Լիցենզավորման ենթակա չի լինի մինչև 1 ՄՎտ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորման գործունեությունը՝ կառուցման և պահեստավորման ժամանակահատվածներում, ինչպես նաև 1 ՄՎտ-ից ավելի հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էներգիայի պահեստավորման գործունեությունը՝ պահեստավորման ժամանակահատվածում:
Էներգետիկայի բնագավառում Կառավարության լիազորած մարմնի առաջարկի դեպքում էներգիայի պահեստավորման լիցենզիաները տրվելու են և համապատասխան սակագները սահմանվելու են հանձնաժողովի կողմից անցկացվող մրցույթի արդյունքով՝ հաշվի առնելով պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենսդրության կիրառելի կարգավորումները:
Էներգիայի պահեստավորման երաշխիքով լիցենզիա ունեցող անձը հանձնաժողովի սահմանած սակագնով պարտավորված կլինի էներգիայի պահեստավորման ծառայություն մատուցել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարական հրահանգներին համապատասխան՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով:
Բնագավառի լիազոր մարմնի առաջարկի հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այս լիցենզիան կտրամադրվի մրցութային եղանակով: Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները կսահմանվեն հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով, որ պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրերի իրականացման շրջանակում առկա են ձևավորված համապատասխան կարգավորումներ:
Կնախատեսվեն էներգիայի պահեստավորման գործունեությամբ զբաղվելու սահմանափակումներ էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման լիցենզիա ունեցող անձանց համար, ինչը միտված է բացառելու, որ այս անձինք, իրենց գերիշխող դիրքից և տեղեկատվական առավելությունից օգտվելով, խեղաթյուրեն շուկան կամ ստանան մրցակցային առավելություն այդ գործունեությամբ զբաղվող այլ մասնակիցների նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է նաև նախատեսել հնարավորություն՝ Կառավարության լիազորած մարմնի առաջարկի հիման վրա ամրագրելու մինչև 30 ՄՎտ հզորությամբ ցանկացած տեսակի կայանում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների և միկրոէներգաարտադրողների արտադրող կայանների միացման շրջանակում գումարային հզորությունների առավելագույն չափաքանակներ ու համապատասխան մեխանիզմներ: