Վերջին շրջանում ԵՄ երկրներ այցելած ՀՀ քաղաքացիները կնկատեն, որ ԵՄ-ն խստացրել է կենսաչափական անձնագրերի մասով քաղաքականությունը, և մուտք գործելու պայմաններում շատ ու շատ քաղաքացիներ նաև կենսաչափական տվյալներ են հանձնում ԵՄ տարածքում՝ սահմանին: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, թե ինչքանով է կարևոր կենսաչափական անձնագրերի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում:
«Սա թույլ է տալու մեզ ավելի սինքրոն աշխատել ԵՄ-ի հետ, անձի ինքնությունն ավելի ճշգրիտ անցկացնել և ԵՄ-ի համար ավելի հուսալի գործընկեր լինել, և մեր քաղաքացիները շատ ավելի արժանապատիվ կերպով կկարողանան ճանապարհորդել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ՀՀ-ն այս առումով ունի առաջանցիկ տեմպեր:
Բաբկեն Թունյանի մեկ այլ հարցի, թե շատ քաղաքացիներ ասում են՝ նախկինում ունեցել են կենսաչափական անձնագրեր, այդ դեպքում նախկինում տրամադրված անձնագրերը և նոր սերնդի անձնագրերն ինչո՞վ են իրարից տարբերվում, տեխնիկական առումով նորերն ի՞նչ չափանիշներ ունեն, Արփինե Սարգսյանը պարզաբանեց՝ ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ, որովհետև այն որևէ ձևով չի հավաքագրել տվյալներ, որոնք անհրաժեշտ են այսպիսի համակարգի համար:
«Մենք տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին տրամադրել ենք անունով, դեկլարատիվ բիոմետրիկ անձնագրեր, որոնք որևէ ձևով ԻԿԱՕ-ի ստանդարտներին չեն համապատասխանել այս առումով: Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ մեր քաղաքացին, երբ 2026 թվականի աշնանը կշոշափի նույնիսկ վիզուալ տարբերակով նոր կենսաչափական անձնագրերը, կնկատի, որ այն որևէ ձևով չի համադրվում նախկինում իր ունեցած թեկուզ անվանումով հայտնի բիոմետրիկ փաստաթղթի հետ»,- ասաց նախարարը: