ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ միջազգային կառույցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կարգավորող օրենսդրությունը չի համապատասխանում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սահմանադրական և օրենսդրական երաշխիքներին, այնպես էլ ոլորտին վերաբերելի միջազգային չափանիշներին։
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն ընդգծել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստացել է անկախության և վստահելիության հանգամանքը հավաստող A կարգավիճակ՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների հավատարմագրումն իրականացնող միջազգային մարմնի կողմից, ինչը վկայում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին՝ ՄԻՊ հաստատությունների համար սահմանված միջազգային չափանիշներին կառույցի համապատասխանության մասին։
Հաղորդագրությունում ընդգծվել է, որ ՄԻՊ հաստատության մանդատի և անկախության նկատմամբ անհարկի միջամտությունները կարող են վտանգ ներկայացնել իրավունքի գերակայության համար։
Անդրադառնալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքին՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը նշել է, որ թեև օրենքի՝ վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների և շահերի բախման դեպքերի առնչությամբ ուսումնասիրություններ իրականացնելու լիազորության շրջանակից նախատեսված բացառությունների թվում ուղղակիորեն նշված չէ Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի ՄԻՊ հաստատության անկախությունը, այնուամենայնիվ, երաշխավորվում է սահմանադրական և քրեական օրենսդրության միջոցով։ Մասնավորապես, ՀՀ օրենսդրությունը ամրագրում է Պաշտպանի անկախության, գործունեությանը միջամտության անթույլատրելիության, գործառութային անձեռնմխելիության, ՄԻՊ հաստատության տարածքի և նամակագրության անձեռնմխելիության, Պաշտպանից բացատրություններ պահանջելու կամ վերջինիս հարցաքննելու անթույլատրելիության, Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և այլ հաղորդումների խորհրդապահության, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության երաշխիքները։
Միջազգային կառույցն ընդգծել է, որ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերաբերյալ միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի այդ հաստատությունները կարողանան գործել քաղաքական միջամտությունից անկախ, հնարավորություն ունենան ազատորեն քննարկելու իրենց իրավասությանը վերաբերող ցանկացած հարց, իսկ հաստատության անդամներն ու աշխատակիցները պաշտպանված լինեն հաստատության անկախ գործունեությանը միջամտելու ցանկացած փորձից։
Ավելին, պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԻՊ հաստատությունները ցանկացած տեսակի սպառնալիքներից պաշտպանելու նպատակով, ինչը ենթադրում է նաև, որ ՄԻՊ հաստատությունների կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում հավաքագրված խորհրդապահական տեղեկատվությունը պետք է ունենա արտոնյալ պաշտպանության կարգավիճակ և անհարկի կերպով չհրապարակվի։
Նշվածի լույսի ներքո Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ ԿԿՀ-ին քննություն իրականացնելու լիազորություններ վերապահող օրենսդրական դրույթները հակասում են ներպետական, տարածաշրջանային և միջազգային չափանիշներին և սպառնում են թուլացնել հաստատության՝ որպես ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին լիարժեք համապատասխանող անկախ կառույցի միջազգային ճանաչումը։
Հաղորդագրությամբ ընդգծվել է, որ Պաշտպանի գործունեությունը արտաքին վերահսկողության ենթարկելը անհամատեղելի է հաստատության աշխատանքի խորհրդապահական բնույթի հետ, իսկ ՄԻՊ հաստատության անկախությունը՝ անհատների կողմից խորհրդապահական եղանակով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի երաշխավորման անքակտելի տարր է։
Նշվածի լույսի ներքո՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին և մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ուղղությամբ նրա աշխատանքին՝ կոչ անելով Հայաստանի պետական իշխանություններին քայլեր ձեռնարկել՝ հստակեցնելու Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախության իրավական երաշխիքները՝ ԿԿՀ օրենքի դիտանկյունից, և այդպիսով պահպանելու մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախությանն առնչվող միջազգային չափանիշները։
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ամբողջական հաղորդագրության ոչ պաշտոնական թարգմանությունը հասանելի է
այստեղ: