Փոքր բաժնետերերը հաճախ հայտնվում են փակուղային իրավիճակներում, երբ մեծամասնական բաժնետերերը, օգտվելով միանձնյա որոշումներ կայացնելու իրավունքից, հաճախ իրենց իրավունքներն իրականացնում են չարաշահումներով, օրինակ՝ տարիներ շարունակ չեն բաշխում շահույթը, չեն գումարում ժողովներ, այլ կերպ խախտում են փոքր բաժնետերերի իրավունքները: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 11-ին գումարված արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ոլորտը կարգավորող ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Ըստ պատգամավորի՝ ներկայիս կարգավորումներով շահույթը բաշխել-չբաշխելու հարցը համարվում է ընկերության հայեցողական իրավունք, և սա թույլ է տալիս մեծամասնական բաժնետիրոջն անբարեխղճորեն սառեցնել փոքր ներդրողների կապիտալը՝ զրկելով եկամուտից:
«Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ընդլայնել [բաժնեմասի] հետգնման հիմքերը: Բաժնետիրոջը տրվում է բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունք, եթե ընկերությունը 10 տարի շահութաբաժին չի վճարել, 3 տարի ժողովներ չի գումարել կամ 5 տարի փաստացի չի իրականացրել գործունեություն՝ կանոնադրական նպատակներով և խնդիրներով սահմանված ոլորտներում:
Առաջարկվում է վերացնել գույքային սահմանափակումը չարաշահման դեպքում, իրավունքի չարաշահման հիմքով հետգնման դեպքում առաջարկվում է չկիրառել ընկերության զուտ ակտիվների 10 տոկոսի սահմանափակումը, որպեսզի ընկերությունը չկարողանա խուսափել այնպիսի հետևանքներից, որոնք առաջանում են անբարեխիղճ կամ չարաշահումներով գործունեության արդյունքում:
Առաջարկվում է սահմանել բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքը որոշող անձին ներկայացվող չափանիշներ այն դեպքերում, երբ բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատման անհրաժեշտությունը նախատեսված է օրենքով, կամ նման հնարավորությունը բխում է օրենքից:
Առաջարկվում է Կառավարությանը լիազորել՝ սահմանելու չափանիշներ շուկայական արժեքի գնահատում իրականացնելու համար իրավասու սուբյեկտի վերաբերյալ:
Արդյունքում ակնկալվում է ներդրումային գրավչության բարձրացում, և փոքր ներդրողների համար ստեղծվում է կանխատեսելի և պաշտպանված միջավայր»,- ասաց նա:
Հարակից զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշեց, որ առաջարկվող կարգավորումներն առավելապես միտված են էապես փոքր՝ մինչև 5 տոկոս բաժնետոմսերի տիրապետող բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը, որպեսզի 5 տոկոսից փոքր քանակի բաժնետոմսերին տիրապետող բաժնետերերը կարողանան ազդեցություն ունենալ ընկերության որոշումների կայացմանը, մինչդեռ վերջիններս այժմ չունեն իրենց շահերի պաշտպանության համար արդյունավետ իրավական գործիքակազմ: