Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց՝ բավարարել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարել խիստ նկատողություն։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։
«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Միաժամանակ տեղեկացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ է որոշմանը, կողմ է քվեարկել նկատողություն տույժի տեսակին, իսկ խորհրդի անդամ տիկին Թումանյանցը՝ լիազորությունների դադարեցում տույժի տեսակին։
Դատական նիստը հայտարարվում է փակված»,-նշել է Աթաբեկյանը։
Հիշեցնենք՝ պատասխանատվության ենթարկելու հիմքում դրվել է երեխայի որդեգրման մասին դատավորի որոշումը, առանց եզրակացության, իրավական հիմնավորվածության: Որդեգրման դիմում ներկայացրած անձը հաշվառված չի եղել, իսկ երեխան ներառված չի եղել որդեգրման ենթակա երեխաների ցուցակում: