Մայիսի 11-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ: Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման մի շարք հարցերի։ Ամփոփվել են մարզին վերաբերելի՝ մարդու իրավունքներին առնչվող խնդիրները, քննարկվել դրանց լուծմանն ուղղված առաջարկները։
Մասնավորապես՝ հանրային տրանսպորտի, առողջության պահպանման իրավունքի, համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովման, հանրային ծառայությունների հասանելիության, զբաղվածության, բռնի տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության, թափառող կենդանիների հետ կապված, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերն ու դրանց համակարգային լուծման հնարավորությունները։
Մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը ներկայացրել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության ձևաչափը՝ քաղաքացիների խնդիրների լուծման տեսանկյունից։
Քննարկվել են նաև այն խնդիրները, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվելու արդյունքում ստանում են ընթացիկ լուծումներ: Օրինակ` հանրային տրանսպորտի, նոր կառուցվող դպրոցների կառուցման ընթացքի, քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրման և այլ հարցեր:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցերի, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Պաշտպանը կարևորել է մարզային այցերը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին և առավել հասցեական արձագանքելու դրանց։