ԱՄՆ նախագահն Իրանին էր ներկայացրել առաջարկներ՝ հույս ունենալով վերսկսել բանակցություններն այդ երկրի հետ, տեղեկացնում է BBC-ն:
Իրանը, սակայն, մերժել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված կարգավորման պայմանները՝ դրանք համարելով «կապիտուլյացիայի» համարժեք և հայտարարել իր միջուկային օբյեկտները պաշտպանելու «լիակատար պատրաստակամության» մասին, հաղորդում է Իրանի պետական Tasnim գործակալությունը։
Իրանը կենտրոնացել է պատերազմի դադարեցման վրա, այդ թվում՝ Լիբանանում։ Թեհրանը կրկին պահանջել է փոխհատուցում պատերազմական վնասի համար և պնդել Իրանի ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Թեհրանը նաև կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ծովային շրջափակումը, երաշխավորել հետագա հարձակումների դադարեցումը, վերացնել պատժամիջոցները, իրանական նավթի վաճառքի արգելքը, հաղորդում է իրանական գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկները։
«Ես հենց նոր կարդացի Իրանի, այսպես կոչված, «ներկայացուցիչների» պատասխանը։ Ինձ դա դուր չի գալիս։ Դա բացարձակապես անընդունելի է»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։
Ի դեպ, ԱՄՆ նախագահի արագ արձագանքը հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի։ Brent տեսակի նավթի և ամերիկյան հում նավթի գները երկուշաբթի վաղ սակարկությունների ժամանակ աճել են 4 տոկոսով: