Ազգային ժողովում քննարկվեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը վերապահվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանին՝ ի տարբերություն գործող կարգավորման, որով ԲԴԽ-ն է հաստատում նման գործերը քննելու համար լիազորված դատավորների ցուցակը:
Բադասյանը ներկայացրեց, որ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը բաղկացած է լինելու 8 անդամից՝ երկուսը՝ մասնագիտացված դատավորներ, երկուսը՝ առաջին ատյանի դատարանից՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկական՝ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններից, և երկուսը՝ իրավաբան-գիտնական: «Նորամուծությունն այն է, որ հանձնաժողովում ներկայացված կլինի նաև քաղաքացիական հասարակությունը: Հասարակական կազմակերպությունները կարող են առաջադրել երկու իրավաբան-գիտնական: Այս մոտեցումը Վենետիկի հանձնաժողովի կողմից ողջունվել է»,- ասաց Բադասյանը:
Նախագծով առաջարկվում է, որ ուսումնական հանձնաժողովը յոթանդամից է բաղկացած լինելու՝ մեկը՝ Վճռաբեկ դատարանից, մեկը՝ Վերաքննիչից, երկու անդամ՝ առաջին ատյանի դատարանից և երկու իրավաբան-գիտնական:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը բաղկացած կլինի հինգ անդամից: Բադասյանը հայտնեց, որ նախատեսվում են դատավորների հավակնորդների ընտրության նոր մեխանիզմներ: «ԲԴԽ-ում այսուհետ դատավորների հավակնորդների թեկնածությունները քննարկելիս հաշվի է առնվելու նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդակցական եզրակացությունը՝ հավակնորդի բարեվարքության վերաբերյալ, ինչը ենթադրում է կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նախկին աշխատանքային պարտականությունների կատարման վերաբերյալ եզրակացություն: Թեկնածուների հավակնորդները լրացնելու են հարցաթերթիկ՝ կապված գույքային որոշակի դրության հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող է ուսումնասիրության առարկա դառնալ»,- ասաց Բադասյանը:
Արդարադատության նախարարը ներկայացրեց, որ սահմանվել են նաև գույքային ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքեր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է զբաղվելու այդ գործառույթով: Եթե հիմնավորվում է, որ օրինական եկամուտներով չի հիմնավորվում որևէ գույքի առկայությունը, այլ խախտումներ են հայտնաբերվում դատավորի ներկայացրած հայտարարագրում, ապա հանձնաժողովին վերապահվում է այդ հիմքով կարգապահական վարույթ հարուցելու և ԲԴԽ-ին միջնորդությամբ դիմելու գործառույթ: