Օրերս Համաշխարհային բանկը «Գլոբալ տնտեսական հեռանկարները 2020 թվականին» գլխագրով զեկույց հրապարակեց: Ըստ այդ զեկույցի, այս տարի բոլոր երկրների տնտեսությունները կաճեն՝ բացառությամբ Արգենտինայի, Իրանի և որոշ աղքատ երկրների, ինչպիսին Հայիթին է (Վենեսուելան, ի դեպ, ընդհանրապես չի էլ երևում Համաշխարհային բանկի «քարտեզում»):
Ըստ այդմ, նախատեսվում է, որ Արգենտինայի տնտեսական աճը կնվազի 1,3%-ով, Հայիթիի աճը՝ 1,4% -ով, իսկ Իրանում կանխատեսվում է զրոյական աճ, չնայած՝ այդ գնահատումն, ամենայն հավանականությամբ, կփոխվի այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրն ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ առավել խիստ նոր պատժամիջոցների մասին:
Հայտնի Forbes հանդեսն այս առիթով նշում է, որ ՀԲ-ի տարեկան զեկույցից կարելի է գործնական եզրակացության հանգել. բոլորը զարգանում են, և պատճառ չկա, որ առաջիկա երկու տարում գլոբալ տնտեսական անկում ակնկալենք: Եվ դա այն դեպքում, երբ ֆինանսական լրատվամիջոցների որոշ հատվածներում այդ մասին բազմաթիվ մշուշոտ կանխատեսումներ են արվում:
2020 թվականի համար ընդհանուր գլոբալ տնտեսական աճը կանխատեսվում է 2,4%: Ընդ որում, ՀԲ-ն հայտնում է, որ համաշխարհային աճը 2021-ին կարող է հասնել մինչև 2.6%, իսկ 2022-ին՝ մինչև 2.7%-ի:
Միևնույն ժամանակ, այսպես կոչված, զարգացող շուկաները կարող են ակնկալել, որ նոր տարում իրենց գործերն ավելի լավ կընթանան, և այս կանխատեսումն արվում է հատկապես Բրազիլիայի ու Ռուսաստանի համար: Այս շուկաները հույս ունեն 2020-ին հասնել ՀՆԱ-ի 4,1% աճի ՝ նախորդ տարվա 3.5%-ից բարելավում արձանագրելով, և ՀԲ-ն էլ հաստատում է, որ 4.3% աճ է կանխատեսում երկու երկրների համար 2021 թվականին, ինչը վատ չէ:
Forbes-ի փոխանցմամբ՝ աշխարհի ամենահեռանկարային հինգ զարգացող շուկաներում, որտեղ տեղակայված է մարդկության 40 տոկոսը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկան), կոնկրետ Չինաստանի մասով իրավիճակը հետևյալն է. առաջիկա երեք տարում այդ երկիրը չի գերազանցի 6% աճը, բայց զարմանալի ոչինչ չկա, որովհետև Պեկինն ի՛նքն է կանխատեսում և պլանավորում հենց այդքան տնտեսական աճ: Ո՛չ ավելի: ՀԲ-ում համարյա ճշգրտորեն են համաձայն թռչող վիշապների երկրի հետ. այստեղ Չինաստանին 2020-ի համար խոստանում են 5,9% տնտեսական աճ:
Սա, իհարկե, չի նշանակում, թե ՀԲ-ն միայն հովվերգություն է նկարագրել. իրականում, զեկույցի համաձայն, ամբողջ աշխարհում տնտեսական աճը դանդաղել է նույնիսկ ավելին, քան սպասվում էր: Պատճառը շուկաների ներքին պահանջարկի անկումն ու միջազգային առևտրում լարվածության աճն է եղել: Առևտրային անորոշությունը և բարձր սակագները 2019-ի ընթացքում ճնշող ազդեցություն են թողել կորպորատիվ ներդրողների տրամադրության վրա, արդյունաբերական արտադրության աճը զարգացման ամենացածր տեմպերն է արձանագրել, իսկ առևտրի հոսքերը զգալիորեն նվազել են:
Այս պայմաններում Ռուսաստանում տնտեսական հավելյալ 1,6% աճի կանխատեսումը պայմանավորվում է ցածր տոկոսադրույքներով և մեծ ենթակառուցվածքային նախագծերով (այսպես կոչված՝ «ազգային նախագծեր»): Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ պատժամիջոցները և ճնշող ժողովրդագրությունը փչացնում են ընդհանուր պատկերը:
Գալով կրկին «զարգացող շուկաներին», հարկ է նշել, որ դրանց շարքում Հնդկաստանն առանձնանում է դրական առումով, որի տնտեսական աճն ընթացիկ տարում ակնկալվում է հասցնել 5,8%-ի: Հնդկաստանի հիմնական ռիսկերն առևտրային գործընկերների շրջանում աճի կտրուկ անկման կանխատեսումն է և Պակիստանի հետ աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր նոր սրումը: Վատ նորություն կարող է լինել նաև պետական բանկերի վերակազմավորման ձախողումը: Պետական այս բանկերը նախորդ տարիների գործունեության արդյունքում խնդրի առաջ են կանգնել անհուսալի վարկերի պատճառով, որոնք, եթե հիշում եք, հիփոթեքային շուկայից սկսված ֆինանսական ճգնաժամի պատճառ դարձան ԱՄՆ-ում, վերածվելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ՀԲ-ն այստեղ տնտեսության աճի դանդաղում է կանխատեսում, հավելելով, որ երկրի արտադրողական, ոչ ռեսուրսային հատվածը շարունակում է թույլ լինել, թերևս, Չինաստանի հետ առևտրային խնդիրների պատճառով: Բացի այդ, այս տարի այլևս հարկային նվազումներ չեն լինի, ինչով աչքի ընկավ Թրամփի վարչակազմը, և այս տարի այն այլևս չի հանդիսանա հավելյալ աճի գործոն:
Այսպիսով, չնայած աշխարհի բոլոր տնտեսությունները գտնվում են աճի ռեժիմի մեջ, նույնիսկ ամենահզորներից մի քանիսը չեն աճի այնքան արագ, որքան 2019-ին, և այստեղ Չինաստանն առանձնանում է դրական իմաստով:
ԱՄՆ-ի նմանությամբ՝ 2020-ին ցածր տնտեսական աճ կարձանագրվի նաև Եվրոգոտու երկրներում, և ամենավատ վիճակում կհայտնվի Լեհաստանը:
Հ.Գ. Ի դեպ, Հարավային Կովկասի երկրների տնտեսական աճը, ՀԲ կանխատեսմամբ, 2020 թվականին կկազմի միջինը 3,1%, ինչը 0,6%-ով ցածր է նախորդ տարվա համեմատ:
Կանխատեսվում է, որ 2020 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի 5,1% -ով, Ադրբեջանինը՝ 2,3% -ով, Վրաստանինը՝ 4,3% -ով: