ASPAN ազգային նախագծի շրջանակներում Ղազախստանը նախատեսում է կառուցել և գործարկել հրետանային արկերի և ականների արտադրության չորս նոր գործարաններ, որոնք կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար։ Առաջին գործարանը՝ ASPAN-1-ը, ներկայումս կառուցման փուլում է և արտադրությունը կսկսի 2027 թվականին։ Այն կարտադրի արկերի և ականների համար նախատեսված պարկուճներ։ Մնացած երեք գործարանի գործարկման ժամկետները դեռևս որոշված չեն։
Ռուսական կողմը քննադատել է այդ տեղեկատվությունը: Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովն այդ քայլը որակել է ոչ բարեկամական։ Gazeta.Ru-ին տված մեկնաբանության մեջ նա հիշեցրել է, որ 1992 թվականին Ղազախստանն ընդունվել է Հյուսիսատլանտյան համագործակցության խորհուրդ, իսկ 1994 թվականին երկիրը ՆԱՏՕ-ի հետ ստորագրել է շրջանակային համաձայնագիր՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» անվամբ:
Պատգամավորի կարծիքով՝ Ղազախստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը պայմանավորված է Ռուսաստանի հետ նրա հարևանությամբ, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել «հերթական ռուսատյաց ֆորպոստը»։
Ըստ Ժուրավլյովի՝ այդ որոշումը կապված է Ղազախստանի՝ Ռուսաստանի հետ համագործակցությունից հեռանալու միտման հետ: Նա որպես օրինակներ է բերել հանրապետությունում լեզվական բարեփոխումները և Ուկրաինային աջակցությունը։ Նա համոզված է, որ դաշինքի չափանիշներին անցումը վկայում է ապագայում ռուսական զենքն արևմտյան համարժեքներով փոխարինելու Աստանայի մտադրության մասին, և կոչ է արել համապատասխան արձագանք տալ այդ քայլին։