ԱԺ պատգամավորներից քննարկումների ընթացքում ստացել ենք 30 առաջարկ և հարցում, որոնց մեծ մասը վերաբերում է այս կա այն միջոցառման մեջ ծախսերի ավելացմանը շուրջ 4,9 մլրդ դրամի չափով: Դրանք մանրակրկիտ ուսումնասիրվել են ճյուղային նախարարությունների կողմից, տրվել են պարզաբանումներ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2026 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակը:
Ըստ այդմ՝ պատգամավորների առաջարկներից 15-ն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել են՝ 4,2 մլրդ դրամի չափով, 3 հարցումներին տրվել են պարզաբանումներ, 12 առաջարկ չի ընդունվել, որոնց վերաբերյալ ևս ներկայացված են մանրամասն պարզաբանումներ:
«2026 թվականի պետբյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններ չեն նախատեսվել, այսինքն՝ մեր կանխատեսումներով անվանական ՀՆԱ-ն կկազմի 11 տրլ 933 մլրդ դրամ՝ աճելով 5,4 տոկոսով, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3 տոկոսով, իսկ անվանական ՀՆԱ-ի աճը կլինի 8,5 տոկոս»,- ասաց նախարարը:
Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի նախնական նախագծի՝ 53,5 տոկոսի համեմատությամբ նվազել է 0,6 տոկոսային կետով՝ կազմելով 52,9 տոկոս:
Բյուջեի ծախսերը առաջին փուլի համեմատությամբ նվազել են 0,9 մլրդ դրամով ընթացիկ ծախսերի մասով: Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի գնահատմամբ:
Պետբյուջեի ծախսերում տեղի են ունեցել պետական մարմիների գծով որոշ փոփոխություններ, օրինակ՝ վարչապետի աշխատակազմի գծով միջոցներն ավելացել են 157,3 մլն դրամով, որն ուղղվելու է Ֆրանկոֆոնիայի՝ 2027 թվականի խաղերի ազգային կոմիտեի աշխատանքների համակարգմանը:
«Մեր ինստիտուցիոնալ կարողությունները զարգանում են արագ աճող հնարավորություններին համընթաց, ինչը վկայում է, որ մեր զարգացումը պատահական չէ, ժամանակավոր երևույթ չէ, այլ խորապես գիտակցված գործընթաց, որն ամբողջությամբ ուղղորդվում է մեր պետության կարևորագույն կառուցակարգերի զարգացմամբ: Սա վստահություն է տալիս բոլոր հայաստանցիներին, որ մեր երկրում արժի ապրել և ստեղծագործել, իսկ միջազգային ներդրողներին և գործընկերներին՝ որ Հայաստանը կանխատեսելի, հուսալի և հետաքրքիր վայր է տնտեսական նոր ծրագրեր իրականացնելու համար:
Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում կատարելագործվելու և զարգանալու անչափելի ազատություն ու հրաշալի հնարավորություններ»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ 2026 թվական մուտք ենք գործում ավելի վստահ, քան երբևէ, կայուն տնտեսությամբ, կառավարելի և կայուն պարտքի մակարդակով, ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ:
«2025 թվականի բյուջեի կատարման ընթացիկ վերջին վերլուծությունները հիմք են տալիս կանխատեսելու, որ 2025 թվականի ավարտին ծրագրված 5,5 տոկոս բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5 տոկոսը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում պետական պարտքը չի հատի ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոս շեմը»,- ասաց նա: