Ռուս-ուկրաինական լարվածությունը աշխարհաքաղաքական գործընթացներից բացի ազդում է նաև համաշխարհային տնտեսության վրա: Սա նկատելի է թանկարժեք մետաղների և հատկապես ոսկու դեպքում՝ 2021-ի հունիսից ի վեր թանկարժեք մետաղի գինը 1 ունցիայի դիմաց հասել է ավելի քան 1900 դոլարի: Վերլուծաբանները նշում են՝ անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ գործարարների շրջանում անհանգստությունը մեծանում է, իսկ այսպիսի դեպքերում ոսկին դեռ ապահով կապիտալ է:
Նարեկ Զաքարյան (ֆինանսիստ) - Քանի որ ոսկին պատմականորեն եղել է մարդկության ամենաապահով արժեքի պահպանման միջոցը, դրա պատճառով մարդկանց մեջ պատմականորեն կարծես կա էդ մշակույթը, որ ռիսկային իրավիճակներում գումարը տեղափոխեն ոսկու շուկա: Նմանատիպ ակտիվներից է ոչ միայն ոսկին, այլ նաև շվեյցարական ֆրանկը և ճապոնական իենը, ինչ-որ չափով նաև՝ ԱՄՆ դոլարը:
Մասնագետները չեն բառացում, որ եթե առաջիկա տարիներին ամերիկյան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը մեծանա, մարդիկ շահույթի նպատակով ոսկուն այլընտրանք կփնտրեն, և մեծ հավանականությամբ պարտատոմսերը կկարողանան զբաղեցնել այդ տեղը: Սակայն այս պահին դրանց ցածր եկամտաբերությունը ևս նպաստում է ոսկու գնի աճին:
Նարեկ Զաքարյան - Ներդրողների մի մասը վաճառում է իր ունեցած ռիսկային ակտիվները, դրանք կարող են լինել կորպորատիվ պարտատոմսերի, նույնիսկ պետական պարտատոմսերի իրենց ներդրումները, վաճառում են իրենց բաժնետոմսերի ունեցվածքը և այդ ամբողջ ծավալը ներդնում են ոչ ռիսկային ակտիվում՝ ոսկում:
Հայաստանը՝ որպես ոսկի արտահանող երկիր, թանկարժեք մետաղի գնի բարձրացման դեպքում կարող է նույնիսկ շահել, սակայն եթե գնի բարձրացումը Ռուսաստան-Ուկրաինա լարվածության հետևանք է, կարող է նաև հակառակը լինել՝ նշում է ֆինանսիստը:
Նարեկ Զաքարյան - Հայաստանի համար հիմնական ներդրումային հոսքերը, բավականին մեծ եկամտային հոսքեր գալիս են հենց Ռուսաստանից, իսկ ռուսական տնտեսության վրա հարվածը, բնականաբար, այնքան մեծ կլինի, որ ոսկու գնի բարձրացումը չի կարող կոմպենսացնել տեղի ունեցած վնասը:
Հայաստանը միջազգային պահուստներում ոսկի չունի, սակայն, տարբեր գնահատականներով՝ մեր երկրի հանքերում ավելի քան 300 տոննա ոսկու պաշար կա:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան