Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
ԱՆ-ից մանրամասնեցին՝ ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն է ընդունվել է մայիսի 16-ին, որտեղ մասնագետների կողմից ենթարկվել է նախնական զննության և ստացել համապատասխան նշանակումներ։
«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումներ, սակայն բուժառուի կյանքը փրկել չի հաջողվել։
Ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող բուժառուի հսկողությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով։ Դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից»,- տեղեկացրին նախարարությունից: