Աշխարհի առաջնորդները Շոտլանդիայում են, բոլորի մտահոգությունը նույնը՝ կլիմայի փոփոխությունը, որն սպառնում է աշխարհի բոլոր երկրներին: Գլազգոյում մեկնարկել է ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովը: Մասնակցում է 200 երկրի ներկայացուցիչ: Հանդիպման հիմնական նպատակը 2015 թվականին ստորագրված՝ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի կատարման առաջին արդյունքների քննարկումն է:
Համաժողովի նախագահ Ալոկ Շարման նախաձեռնությունն անվանել է «Մեր վերջին, լավագույն հույսը», որպեսզի թույլ չտանք՝ գլոբալ ջերմաստիճանը բարձրանա 1,5°C-ից: Սա կանխելու համար ժամեր առաջ ավելի քան 90 պետություն համաձայնել է մինչև 2030 թվականը մեթանի արտանետումները 30 տոկոսով նվազեցնելու՝ Եվրամիության և ԱՄՆ-ի գլոբալ նախաձեռնությանը: Դրանց թվում են արտանետումների ամենամեծ ծավալներով 30 երկրներից 15-ը: Բնապահպանները փաստում են՝ մեթանի արտանետումը կլիմայի փոփոխությանը նպաստող հիմնական գործոններից մեկն է:
Ջո Բայդեն, ԱՄՆ նախագահ - Այս վճռական տասնամյակում ամենակարևոր բանը, որ կարող ենք անել, մեթանի արտանետումների հնարավորինս արագ նվազեցումն է: Դա մեծ ձեռքբերում կլինի ոչ միայն կլիմայի փոփոխության դեմ պայքարում, այլ նաև դրական կազդի մարդկանց առողջության վրա:
Ավելի վաղ, համաշխարհային առաջնորդները խոստացել են մինչև 2030 թվականը վերջ տալ անտառահատումներին: Որոշում է կայացվել՝ շուրջ 19 մլրդ դոլար հատկացնել անտառների փրկությանը:
Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ - Կցանկանայի կոչ անել այն երկրներին, որոնք այսօր չեն կատարում այն, ինչ պարտավորվել են. կատարեք ձեր խոստումները, որպեսզի կարողանանք կատարել Փարիզում ստանձնած պարտավորությունը: Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան, «պատրաստ են կատարել իրենց հանձնառությունները:
Զարգացած երկրներին արտանետումների կրճատման կոչով է հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Անգելա Մերկել, Գերմանիայի կանցլեր - Ցանկանում ենք մինչև 2030 թվականը 65 տոկոսով կրճատել մեր արտանետումների ծավալը և 2045 թվականին հասնել կլիմայական չեզոքության: Զարգացած արդյունաբերական երկրների կողմից ֆինանսավորումն անհրաժեշտ է նրանց նկատմամբ վստահության համար:
Գլազգոյում անցկացվող կլիմայի փոփոխության խնդիրներով ՄԱԿ-ի համաժողովում ելույթ է ունեցել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հիշեցրել է, որ ուղիղ մեկ տարի առաջ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանն օգտագործել է միջազգայնորեն արգելված զենք՝ թիրախավորելով ոչ միայն քաղաքացիներին, այլև բնությանը՝ առաջացնելով զանգվածային հրդեհներ և բնապահպանական աղետ։
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ - Կոչ ենք անում միջազգային հանրությանը ջանքեր գործադրել կանխելու նմանօրինակ անպատասխանատու և անմարդկային վարքագիծը: Բնապահպանական մարտահրավերները չեն ճանաչում սահմաններ ու հակամարտության գծեր, և մենք պետք է աշխարհի բոլոր երկրներին բերենք համապարփակ համագործակցության:
Հայաստանը, չնայած կորոնավիրուսի համավարակի և Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության մարտահրավերներին, հանձնառու է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ կլիմայի փոփոխության հարցերով համաշխարհային օրակարգում՝ հաստատել է նախագահը:
Համաժողովը կշարունակվի ևս 10 օր: