ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արմինե Երիցյանը, ԿԳՄՍ նախարարության այլ ներկայացուցիչներ:
.jpg)
1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և մարզերի 412 դպրոցի 4094 աշակերտ է մասնակցել:
Հաղթողի տիտղոսը նվաճել է Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցուցաբերել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարմամբ, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով (կցորդ անիվներով) և օլիմպիական խորհրդանիշի հավաքում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը:
.jpg)
4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և մարզերի 580 դպրոցի ավելի քան 5800 աշակերտ է մասնակցել:
Հաղթողի տիտղոսը նվաճել է Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Լեռնահովիտի Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:
.jpg)
Ընդհանուր առմամբ՝ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը մասնակցել է 9894 աշակերտ՝ ՀՀ ավելի քան 650 դպրոցից:
Միջոցառման մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։