Իսրայելի իշխանությունները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է համաձայնագիր կնքել Իրանի հետ՝ չլուծելով որոշ առանցքային հարցեր, որոնք հանգեցրել են հակամարտությանը, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Կան իրական մտահոգություններ, որ Թրամփը վատ գործարք կկնքի: Սրացումը իրատեսական սցենար է, եթե իրանցիները շարունակեն խաղալ և ձգձգել բանակցությունները»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։
Աղբյուրները նշել են, որ գործարքը, որը մասամբ կպահպանի Թեհրանի միջուկային ծրագիրը՝ շրջանցելով բալիստիկ հրթիռների և տարածաշրջանային դաշնակիցների աջակցության հարցերը, կհանգեցնի նրան, որ Իսրայելն Իրանի հետ հակամարտությունը կդիտարկի որպես անավարտ:
Այս շաբաթվա սկզբին CNN հեռուստաալիքը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն ավելի ու ավելի է հիասթափվում` տեսնելով, թե ինչպես է Իրանը բանակցում, և վերջին օրերին նա ավելի լրջորեն է դիտարկում Թեհրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: