Ինժեներական քաղաքում տեխնոլոգիական համայնքի փորձագիտական խմբի հետ անցկացվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հերթական հանդիպում-քննարկումը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
Նա կարևորել է ոլորտային համայնքի ակտիվ ներգրավվածությունը ռազմավարության մշակման գործընթացում և շնորհակալություն է հայտնել աշխատանքներին մասնակցելու համար։ Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ արդյունավետ համագործակցությունը հիմնարար նշանակություն ունի առավել ներառական և երկարաժամկետ ռազմավարության ձևավորման համար։
«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայությունների տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման միջազգային փորձը, գլոբալ պահանջարկի միտումները և այդ համատեքստում Հայաստանի մրցակցային հնարավորությունները։
Նշենք, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման գործընթացում ԲՏԱ նախարարությանը խորհրդատվական աջակցություն է տրամադրում «Ամերիա» ընկերությունը՝ Fraunhofer ISI-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Մոդեքս» ընկերության հետ համատեղ։
Քննարկման ընթացքում դիտարկվել են ռազմավարական համատեքստը, գլոբալ տեխնոլոգիական միտումները և միջազգային շուկաներում Հայաստանի դիրքավորման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել պետություն-մասնավոր հատված համագործակցությանը և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հարցերին։
Ներկայացվել են նաև օտարերկրյա շուկաների մոնիտորինգի, շահառուների ներգրավման, համակարգված ինկուբատորների (ICI) և ստարտափների տեխնոլոգիական ուղղություններին վերաբերող մոտեցումները։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի տեսլականին, տեխնոլոգիական և ռազմավարական առաջնահերթություններին, հիմնական գործողություններին և ակնկալվող երկարաժամկետ արդյունքներին։
Մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ և դիտարկումներ՝ ոլորտի զարգացման հեռանկարների, ռազմավարական նպատակների և հետագա քայլերի վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ռազմավարության մշակմանն ու հետագա իրագործմանը։