ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների ֆինանսական վիճակի հարցն իր համար առաջնահերթություն չէ, քանի որ փորձում է կանխել ավելի լուրջ խնդիր՝ Իրանի միջուկային զենքի ձեռքբերումը։
Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ քաղաքացիների ֆինանսական իրավիճակի վատթարացումը կարող է դրդել Իրանի հետ գործարք կնքելուն, Թրամփը պատասխանել է. «Բացարձակապես ոչ։ Ես տվյալ դեպքում չեմ մտածում ամերիկացիների ֆինանսական վիճակի մասին։ Ես ոչ մեկի մասին չեմ մտածում։ Միակ բանը, որ պետք է անենք՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»:
Թրամփը նաև սպառնացել է, որ եթե Իրանի իշխանությունները «չանեն այն, ինչ ճիշտ է», ինքը «կավարտի աշխատանքը»։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «կկնքի միայն լավ գործարք», որը, ըստ նրա՝ լավ կլինի ինչպես ամերիկացի ժողովրդի, այնպես էլ իրանցիների համար:
Թրամփը հերթական անգամ ենթադրել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո աշխարհում զգալիորեն կաճի նավթի մատակարարումը, իսկ ԱՄՆ-ում կսկսվի «ոսկե դարաշրջանը»։