Գեղարքունիքի Գեղամասար համայնքում այսօր տոնեցին Նավասարդը՝ հեթանոս հայերի Նոր տարին:
Երգ-երաժշտությամբ ու պարերով ուղեկցվող այս տոնն իր արմատներով հասնում է Մ.թ.ա. 2492 թվականը, երբ, ըստ, քերթողահայր Մովսես Խորենացու, Հայոց ձորի ճակատամարտում Հայկը հաղթում է Տիտանյան Բելին, որից հետո էլ սկսվում է Հայոց բուն թվականը:
Հայկյան տոմարի համաձայն՝ հայ ժողովուրդը թևակոխեց 4514 թվականը:
Նավասարդի տոնակատարությունները առիթ հանդիսացան ներկայացնելու Սևանի մակարդակի իջեցման հետևանքով ցամաքած Գիլի լճի ափամերձ տարածքի հնագույն պատմությունը: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական խմբի երկամյա աշխատանքների արդյունքում գտնվել, հողի շերտից և աղբից մաքրվել են Սպիտակավոր մատուռ-մասունքարանը և մեկ վիշապաքար կոթող:
Հենց վիշապաքար կոթողի և խոնարհված մատուռի շուրջ էլ տոնակատարության մասնակիցները շուրջպար բռնեցին՝ ի նշան ազգային արժեքների շուրջ համախմբման և միասնականության:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խումբն արդեն 10 տարի հնագիտական և հետախուզական աշխատանքներ է իրականացնում պատմական Սոթք նահանգի տարածքում, որն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի Սոթքից Դրախտիկ ընկած ներկայիս հատվածը:
Այս տարածքի պատմությունը սկիզբ է առնում Մ.թ.ա. 4-րդ հազարամյակից:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան