ԱՄՆ զինված ուժերն ապրիլի 13-ի երեկոյան կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը: Շրջափակումը կկիրառվի իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող բոլոր երկրների նավերի նկատմամբ անխտիր: Միևնույն ժամանակ, ամերիկյան ուժերը չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունն այն նավերի համար, որոնք չեն ուղևորվում իրանական նավահանգիստներ և դուրս չեն եկել այնտեղից։
ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարը հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունը դատական կարգով կհետապնդի պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթ գնողներին և վաճառողներին: Նավթի գինը կրկին աճել է:
ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ շրջափակումն ուժի մեջ կմտնի, և Իրանն այլևս չի կարողանա նավթ վաճառել: Նրա խոսքով՝ Իրանի ռազմական ներուժը ոչնչացվել է, և հրադադարը պահպանվում է: Թրամփը հավելել է, որ բանակցությունները ցույց տվեցին, որ Իրանը դեռ ցանկանում է միջուկային զենք ստանալ, սակայն դա երբեք տեղի չի ունենա:
Իրանից արձագանքել են այս հայտարարություններին: Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի խոսքով՝ երկիրը չի տրվի որևէ սպառնալիքի: Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իսլամաբադում փոխըմբռնման հուշագրի ստորագրումը շատ մոտ էր, սակայն ամերիկյան կողմն առավելապաշտական պահանջներ է ներկայացրել, անընդհատ փոփոխել է պայմանները:
Թեմայի շուրջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահները։ Մասուդ Փեզեշքիանը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրն անհասանելի չէ, եթե Թրամփի վարչակազմը հարգի միջազգային իրավունքը։
Ավելի վաղ Թրամփը գրառումներ էր կատարել Truth Social հարթակում՝ նշելով, որ Հորմուզի նեղուցի շրջափակմանը կմիանան նաև այլ երկրներ։
Թրամփը նաև քննադատել է Հռոմի Պապին Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը դատապարտելու համար: Նրա խոսքով՝ ինքը չի ցանկանում այնպիսի Հռոմի Պապ, որը նորմալ է համարում Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, և որը քննադատում է ԱՄՆ-ի հարձակումը Վենեսուելայի վրա: Թրամփը հավելել է, որ Եկեղեցին Լևոն 14-րդին ընտրել է միայն այն բանի համար, որ նա ամերիկացի է: «Եթե ես չլինեի Սպիտակ տանը, նա չէր լինի Վատիկանում»,- պնդել է Թրամփը:
Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ֆոնին Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանում: Երկրում նոր զոհեր են արձանագրվել, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 2000-ը: «Հըզբոլլահն» իր հերթին հայտարարել է իսրայելական ուժերին թիրախավորելու մասին:
ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպել Վաշինգտոնում՝ հրադադարի շուրջ բանակցություններ վարելու համար:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան