Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները չեն դադարում: ԱՄՆ-ն արդեն հինգ օր է՝ հարվածներ է հասցնում Իրանին՝ թիրախավորելով ափամերձ պաշտպանության օբյեկտները և հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի կայանքները: Նպատակն է նվազեցնել Հորմուզի նեղուցում նավերին հարվածելու Իրանի կարողությունները: Ըստ Իրանի առողջապահության նախարարության՝ վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով երկրում 35 մարդ է զոհվել, 300-ը՝ վիրավորվել:
Միևնույն ժամանակ շարունակվում է Իրանի ծովային շրջափակումը: Ըստ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության՝ հարված է հասցվել լցանավի, որը փորձել է նավարկել դեպի իրանական նավահանգիստներից մեկը:
Իրանն էլ պատասխանել է՝ թիրախավորելով Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան օբյեկտները: Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ևս անօդաչուներով հարձակում է տեղի ունեցել: ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ԱՄՆ հյուպատոսության մերձակայքում, ևս երկուսը՝ քաղաքի ծայրամասում ամերիկյան ռազմաբազայի հարակից տարածքում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի գործողություններն այժմ կենտրոնացած են տարածաշրջանում ԱՄՆ-ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման վրա, որից հետո կսկսվի հաջորդ փուլը:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ երկրի անվտանգությունը կախված է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանումից: Նրա խոսքով՝ Իրանն ԱՄՆ-ի հետ կենսական և գոյաբանական պատերազմ է մղում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ շուտով Իրանը կպարտվի: Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Թեհրանը շատ է ցանկանում հասնել կարգավորման: «Տեսնենք՝ համաձայնության կհասնե՞նք նրանց հետ թե՞ պարզապես նրանց վերջը կտանք»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Զուգահեռ տեղեկություններ են տարածվել, որ որոշ նավեր հրաժարվում են ԱՄՆ զինված ուժերի ուղեկցությամբ անցնել Հորմուզի նեղուցով՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան