Առաջարկվում է 2026 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 35 մլն դրամ, որը կուղղվի 8 համայնքի 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Խոսքը վերաբերում է Արարատի մարզի 1 ծրագրի, որի համաֆինանսավորումը 157,1 մլն դրամ է, Արմավիրի մարզի 1 ծրագրի, համաֆինասավորումը՝ 31,9 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի՝ 310,4 մլն դրամ, Լոռու մարզի 2 ծրագրի՝ 67,6 մլն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագրի՝ 143,9 մլն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագրի՝ 323,8 մլն դրամ:
«Սույն որոշման հաստատմամբ կունանանք 2026 թվականի պետական բյուջեից 8,384 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր՝ իրականացրած ընդհանուր 15,65 մլրդ դրամ արժեքով»,-ասաց նա:
Նախարարի տեղակալը նաև նշեց, որ խոսքը հիմնականում վերաբերում է ասֆալտապատման, գազիֆիկացման, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցման, մանկապարտեզի շենքի կառուցման, ճանապարհների սալարկման աշխատանքներին:
Օրինակ՝ ծրագրի շրջանակում Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան, Դիտակ, Մրգանուշ, Այգեստան, Հնաբերդ, Դվին բնակավայրերում ոռոգման ցանցեր կկառուցվեն ու կնորոգվեն (խոսքը 7 կմ երկարությամբ ոռոգման համակարգի մասին է), շահառուների թիվը՝ 256 տնային տնտեսություն: