ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հանրային քննարկման է ներկայացվել «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի նախագիծը։
Նախագծի հիմնական նպատակն է սահմանել անկախ կյանքի կենտրոնների ստեղծման, պարտադիր հավաստագրման և գործունեության կազմակերպման միասնական կարգը՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում որակյալ և վերահսկելի ծառայությունների մատուցման միասնական մոտեցում։
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների զարգացման, համայնքային կյանքում լիարժեք մասնակցության, հավասար հնարավորությունների ապահովման և անկախ կյանքի աջակցության ծառայությունների հասանելիության ընդլայնման համար։
Անկախ կյանքի կենտրոնի գործունեությունը ապահովելու է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին լիարժեք մասնակցություն՝ նրանց անհատական գնահատված կարիքներին և ներուժին համապատասխան։ Միևնույն ժամանակ նպաստելու է ապաինստիտուցիոնալացմանը՝ կանխարգելելով մեկուսացումը կամ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորումը՝ աջակցելով հաստատությունից ընտանիք ու համայնք վերադարձին: