Կառավարության հուլիսի 16-ի նիստում ընդունված որոշմամբ պետական անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Նոր կարգավորմամբ էկոպարեկային ծառայությունը հրդեհավտանգ ժամանակահատվածում կիրականացնի մշտական հսկողություն, անհրաժեշտության դեպքում կսահմանափակի մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքը վտանգավոր հատվածներ, կանցկացնի իրազեկման աշխատանքներ, ինչպես նաև անտառային ճանապարհներին կտեղադրի նախազգուշացնող ցուցանակներ։
Ծառայությունը նաև կհսկի պետական անտառներում գործունեություն իրականացնող անձանց և կազմակերպությունների կողմից հակահրդեհային կանոնների պահպանումը, իսկ հրդեհի դեպքում անհապաղ կտեղեկացնի համապատասխան մարմիններին և կմասնակցի մարման աշխատանքներին։ Ամեն տարի կմշակվի նաև հրդեհների արձագանքման գործողությունների պլան՝ Փրկարար ծառայության համաձայնեցմամբ։
Միաժամանակ, անտառատնտեսությունները և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարիչ կազմակերպությունները պարտավոր կլինեն ապահովել հակահրդեհային ենթակառուցվածքների ստեղծումը, մաքրել անտառները դյուրավառ նյութերից և կազմակերպել անվտանգ հանգստի գոտիներ։