ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբելյանն այսօր այցելել են Հրազդան մարզադաշտին հարող տարածքում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Շինհրապարակում նախարարին և ՀՖՖ նախագահին ներկայացվել են ակադեմիայի նախագծերը, շինարարության ընթացքը և իրականացվող աշխատանքների մանրամասները։
.jpg)
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ակադեմիայի հիմնումը կարևորել է հայկական ֆուտբոլի զարգացման, երիտասարդ սաների մարզական կրթության և միջազգային համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող այս տարածքում ժամանակակից մարզական ենթակառուցվածքների խոշոր հանգույց է ձևավորվում․ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցն է կառուցվում։
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիան բաղկացած է լինելու 2000 սաների համար նախատեսված երեք մարզաբազայից, որոնցից երկուսը տեղակայված կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, իսկ երրորդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Մարզաբազայում նաև հյուրանոց-կացարան է գործելու եվրոպացի մարզիչների և ակադեմիայում սովորող մարզաբնակ երեխաների համար։
Յուրաքանչյուր տարի ակադեմիայի լավագույն սաներն ուղևորվելու են Թուրին՝ «Յուվենտուսի» գլխավոր ակադեմիա, որտեղ կմասնակցեն մարզումների և ընկերական խաղերի։