Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհաի հետ՝ քննարկելու բնապահպանական ոլորտում միջազգային համագործակցության և առաջիկա գլոբալ նախաձեռնությունների հարցերը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են International Big Cat Alliance (IBCA) նախաձեռնությանը և 2026 թվականի հունիսի 1-ին Նյու Դելիում նախատեսվող գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսվում է ընդունել «Դելիի հռչակագիրը՝ մեծ կատուների պահպանության վերաբերյալ»։
Ներկայացվել է հռչակագրի նախագիծը, որը սահմանում է միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները՝ ներառյալ մեծ կատուների կենսապահովման միջավայրերի պահպանությունը, անդրսահմանային համագործակցությունը, անօրինական որսի և վայրի կենդանիների ապօրինի առևտրի դեմ պայքարը, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիաների կիրառմամբ մոնիթորինգի համակարգերի զարգացումը։
Հռչակագրի նախագծում ընդգծվում է նաև տեղական համայնքների և բնիկ ժողովուրդների ներգրավվածության կարևորությունը, One Health մոտեցման կիրառումը, կայուն ֆինանսավորման մեխանիզմների ձևավորումը և բնապահպանական կրթության ու հանրային իրազեկման ընդլայնումը։
Դեսպանը կարևորել է Հայաստանի մասնակցությունը նախաձեռնությանը՝ նշելով, որ Հայաստանը համարվում է այն երկրներից մեկը, որը արագորեն միացել է նախաձեռնության շրջանակային գործընթացներին և ավարտել անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը բարձր է գնահատել Հնդկաստանի փորձը վայրի բնության պահպանության ոլորտում՝ մասնավորապես վագրերի պահպանության և կենսաբազմազանության վերականգնման ծրագրերի շրջանակում։ Նա ընդգծել է, որ այդ փորձը կարևոր օրինակ է Հայաստանի համար՝ հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման և բնապահպանական քաղաքականությունների արդյունավետ իրականացման տեսանկյունից։
Կողմերը կարևորել են նաև գիտելիքի, փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակումը՝ ընդգծելով, որ նման համագործակցությունը նպաստում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։
Հանդիպման ավարտին վերահաստատվել է փոխգործակցության խորացման և շարունակական երկխոսության պատրաստակամությունը: