Ապրիլի 13-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է DiploGate երիտասարդական դիվանագիտական հարթակի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Հանդիպման մասնակիցների կազմում ընդգրկված են եղել ուսանողներ, ակտիվ երիտասարդներ և Արմավիրի մարզի Լեռնագոգի միջնակարգ դպրոցի աշակերտներ։
Հանդիպումը նախաձեռնել են երիտասարդները՝ նպատակ ունենալով ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը և քննարկել իրենց հետաքրքրող հարցերը։
Պաշտպանը ողջունել է երիտասարդական կառույցների նախաձեռնողականությունը՝ ընդգծելով երիտասարդների կարևոր դերակատարությունը հասարակական կյանքի զարգացման և դրական փոփոխությունների խթանման, մասնավորապես՝ իրավահավասարության, հանդուրժողականության և խտրականության բացառման մշակույթի ձևավորման գործում։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերներին։
Անդրադառնալով երիտասարդական կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններին՝ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ՄԻՊ հաստատությունը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։
«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետությունը պայմանավորված է նաև երիտասարդների ակտիվ և գիտակից մասնակցությամբ։ Կարևոր է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իրացնելու իր իրավունքները և մասնակցելու հանրային կյանքին առնչվող որոշումների կայացմանը»,– նշել է Անահիտ Մանասյանը։
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով։ Մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր՝ կապված բուլինգի, կրթության իրավունքի և ներառականության հետ։
Պաշտպանը կարևորել է կրթական հաստատությունների, ուսուցիչների, ինչպես նաև ծնողների դերակատարությունը՝ ապրումակցող և աջակցող միջավայր ձևավորելու գործում։
Ամփոփելով հանդիպումը՝ Պաշտպանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի կայացումը պայմանավորված է յուրաքանչյուր անհատի մասնակցությամբ՝ ընդգծելով իրավական մշակույթի փոփոխության անհրաժեշտությունը և երիտասարդների ակտիվ դերակատարությունը այդ գործընթացում։
Հանդիպման ավարտին երիտասարդները շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար։ Անահիտ Մանասյանը ևս շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ մասնակցության համար։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում երիտասարդների և ուսանողների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ։