Այսօրվա մեր հանդիպմանը հրավիրել ենք Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած և ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն գործառույթի համար, որը դուք իրականացնում ենք: Այդ մասին Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2018 թվականից մինչ օրս, ըստ Փաշինյանի, այս ընկերություններն արձագանքող են եղել և շարունակում են արձագանքող լինել Կառավարության քաղաքականություններին:
«2018-ից ի վեր Հայաստանում 288 հազար աշխատատեղ է ստեղծվել: Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել: Այդ աշխատատեղերը դուք եք ստեղծել: Իհարկե Կառավարության քաղաքականությունները նպաստել են դրան, և միջավայր ենք նաև որոշակի ստեղծել:
Ի սկզբանե մենք շատ կենտրոնացած էինք այն հարցի վա, թե ինչքան աշխատատեղ ստվերից պարզապես դուրս է եկել, ինչքան է զրոյից ստեղծվել, բայց հետո հասկացանք, որ այդ խոսակցությունը շատ խճճող է, և այն աշխատատեղերը, որոնք կան, տեսանելի են պետության համար, դրանք կան, իսկ այն աշխատատեղերը, որոնք չկան, չկան. դա ուրիշ կատեգորիայի երևույթ է: Շատ կարևոր է, որ մենք այս դինամիկան շարունակենք:
Նաև մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25 հազար աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է:
Ընդհանրապես աշխատանքի շուկայում այն պրոցեսները, որոնք հիմա տեղի են ունենում և սպասվում են, պետք է հատուկ ուշադրության առարկա լինեն: Ինչո՞ւ, այդ թվում այն պատճառով, որ ԱԲ-ի ներդրումը և ավելի ու ավելի մեծ ներառումը տնտեսության մեջ ռիսկեր են առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի մասով»,- ասաց նա: