«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումները տեղի են ունեցել 5 + 5 ձևաչափով: Սկզբից ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն էին ժամանել երևան, հետո մեր կողմը՝ 5 հոգանոց անձնակազմով այցելեց Բաքու: Երկրորդ փուլում մենք էականորեն ընդլայնեցինք ներգրավվածությունը, և արդեն 20 + 20 ձևաչափով տեղի ունեցան հանդիպումները: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող Արեգ Քոչինյանը:
«Սկզբից ադրբեջանական կողմը այցելեց Հայաստան: Այս անգամ արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատված, սահմանագծված հատվածով, անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը՝ անձնագրային, մաքսային վերահսկողություն, և մուտք գործեց Հայաստան, նմանատիպ ճանապարհով նաև մենք այցելեցինք Ադրբեջան սահմանազատված, սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան սահմանային ընթացակարգերը»,- նշեց փորձագետը:
Նրա կարծիքով՝ այն փաստը, որ տեղի է ունենում այդ ֆորմատով չորրորդ հանդիպումը, և կա հստակ պայմանավորվածություն, որ հանդիպումները շարունակվելու են, արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է: «Ես կարծում եմ, որ մենք չենք կարող այս ֆորմատից ունենալ ինչ-որ գերադրական աստիճանի ակնկալիքներ, որ 38 տարվա կոնֆլիկտից հետո փորձագետների, քաղհասարակության, մեդիաներկայացուցիչների 4 հանդիպումների արդյունքում մեծ բաներ պետք է փոխվեն հասարակության մեջ, բայց ինքը՝ փաստը, որ այդ հանդիպումները տեղի են ունենում, դրանք ընդլայնվում են, դրանք շարունակվում են, ես կարծում եմ՝ բավականին կարևոր է»,- նշեց Արեգ Քոչինյանը:
«Երկրորդ միտքը, որ ուզում եմ արտահայտել, այն է, որ դուք կարող եք նշել տասնյակ պատճառներ, ես կարող եմ դրանց ավելացնել հարյուրավոր պատճառներ, թե ինչու մենք չպետք է գնանք Ադրբեջան, և ինչու ադրբեջանական կողմի պատվիրակները չպետք է գան Հայաստան՝ կապված օրվա հետ, կապված այցելության հետ, կապված բովանդակության հետ, կապված ձևի հետ, կապված հայտարարությունների հետ: Ես կարող եմ մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետք է տեղի ունենան, որովհետև, իմ գնահատմամբ, այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջմղմանը, նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը և ինչ-որ չափով աջակցում են նաև երկու երկրի իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին:
Մեզ հետ հանդիպումներում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ վստահեցնում են, մեզ տեղեկացնում են, հորդորում են, համոզում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ կա խաղաղություն, խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է: Սա երևի թե կարևոր է, որովհետև մենք շատ հաճախ, խոսելով դետալներից, պրոցեսից, մեր ամենօրյա լրահոսից, ընդհանուր պատկերը ինչ-որ չափով լղոզում ենք կամ մոռանում ենք: Սա ասելով երրորդ միտքը, որ ուզում եմ արտահայտել. մեզ շատ հաճախ մեղադրում են մոռացության, ներելու, ողբերգությունը մոռացության տալու, ուրանալու մեջ, ես ուզում եմ, թեպետ սրա մասին բազմիցս ենք խոսել, բայց ևս մեկ անգամ այս հարցին անդրադառնալ: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունն անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը առկա նարատիվների, առկա պատմության, առկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է: Կհաջողվի՞ այն, թե ոչ, բնականաբար ոչ մեկը չի կարող երաշխիք տալ, ինչպես նաև չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողել-չհաջողելու վերաբերյալ, որովհետև դա էլ իր հերթին կապված է բազմաթիվ գործընթացների հետ: Մի բան հաստատ է, որ թե՛ մեր աշխատանքը, թե՛ մնացած աշխատանքները, որոնք տարվում են խաղաղության հաստատման ուղղությամբ, երաշխավորված չեն հաջողության, բայց երաշխավորված է, որ եթե այդ աշխատանքները չեն տարվում՝ խաղաղություն երբեք չի լինի»,- ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահը: