ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Պարզ լճին հարող տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մրցավարների հետ: Ներկա է եղել նաև Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Խարույկի շուրջ կազմակերպված հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ակտիվության և ներգրավվածության համար՝ նրանց մաղթելով մարտական տրամադրություն, հաջող մեկնարկ և արժանի մրցելույթներ եզրափակիչ փուլում։ Նա վստահություն է հայտնել, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մրցաշարի հաղթողները կորոշվեն ազնիվ, արդար և մրցակցային պայքարում։
Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է նաև՝ արդյոք դպրոցականների համար սա առաջին մասնակցությունն է մրցաշարին, ինչպես է անցել նրանց ճանապարհը դեպի եզրափակիչ փուլ և ինչ տպավորություններով են նրանք մոտենում վճռորոշ մրցմանը։ Նախարարը գոհունակությամբ նշել է, որ փորձառու թիմերի կողքին եզրափակիչ փուլում իրենց ուժերը կփորձեն նաև նոր թիմեր, ինչը մրցաշարին նոր շունչ և հետաքրքիր մրցակցություն է հաղորդում։
Մասնակիցներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նման ձևաչափով միջոցառման կազմակերպման համար՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է միմյանց ճանաչելու, շփվելու և մրցումներից առաջ դրական տրամադրությամբ համախմբվելու։ Նրանք նաև կիսվել են մրցումների ընթացքի վերաբերյալ իրենց տպավորություններով և սպասումներով։
Հանդիպման ընթացքում տարբեր մարզերի ներկայացուցիչները հանդես են եկել նաև մշակութային և երաժշտական կատարումներով։ Ներկաների կողմից լավագույն ելույթներով աչքի ընկած դպրոցականներն արժանացել են նաև դրամական խրախուսումների:
Դեպի Պարզ լիճ տանող 5 կմ հատվածում վաղը՝ մայիսի 30-ին, կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն մարզային և Երևանի քաղաքային փուլերում 1-ին տեղերը գրաված դպրոցների թիմերը (ընդամենը 11 թիմ, կազմում՝ 5 տղա և 2 աղջիկ):
2026 թվականին մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 470 դպրոցի 3290 աշակերտ: Եզրափակչում հանդես կգան Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական, Արագածոտնի մարզի Հարթավանի միջնակարգ, Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ, Արմավիրի մարզի Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ, Գեղարքունիքի մարզի Ծակքարի միջնակարգ, Լոռու մարզի Վանաձորի Գևորգ Չավուշի անվան թիվ 24 միջնակարգ, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 10 ավագ, Շիրակի մարզի Բայանդուրի միջնակարգ, Սյունիքի մարզի Կապանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ, Վայոց ձորի Արենիի միջնակարգ և Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցների թիմերը:
1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Պարգևատրման գումարը նախատեսված է դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով: Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի աշակերտները կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ: