ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտի զարգացման հեռանկարներին, արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և արտահանման դիվերսիֆիկացիային։
Նախարարը նշել է, որ ավանդական շուկաներին զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ։
«ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով»,- նշել է նախարարը։
Քննարկվել է նաև ջերմոցաշինության ոլորտում տնտեսավարողներին տրամադրվող պետական աջակցության գործիքակազմի բարելավումը՝ միտված ոլորտի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։