Եվրամիությունը հայտարարել է Հունգարիային 16,4 միլիարդ եվրոյի սառեցված ֆինանսական միջոցների հատկացման մասին՝ երկրի նոր կառավարության երդմնակալությունից ընդամենը երեք շաբաթ անց։ Այդ միջոցները կտրամադրվեն կարճ ժամանակահատվածում կարևոր բարեփոխումների ոլորտում գրանցված «նշանակալի առաջընթացի» շնորհիվ՝ ուրբաթ Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Խոսքը COVID-19 համավարակից հետո վերականգնման հիմնադրամից 10 մլրդ եվրոյի մասին է՝ դրամաշնորհների և արտոնյալ վարկերի տեսքով՝ ճշտում է Reuters գործակալությունը։ Բացի այդ, Բրյուսելը 4,2 մլրդ եվրո է հատկացնում համախմբման հիմնադրամից։ Այդ բոլոր միջոցները սառեցվել էին Վիկտոր Օրբանի կառավարության օրոք։ Համախմբման հիմնադրամի միջոցներից լրացուցիչ 2,2 մլրդ եվրո կտրամադրվի Բուդապեշտին, երբ կառավարությունն իրականացնի հետագա բարեփոխումները, որի վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։