Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են նոտարների վերապատրաստման երկօրյա դասընթացներ՝ նվիրված փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում նոտարների կարողությունների զարգացմանը և ռիսկահեն վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Դասընթացներին մասնակցել է 59 նոտար։
Նախարարությունից հայտնում են՝ բացման խոսքով են հանդես եկել Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և Նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը։
Հատուկ ընդգծվել է, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը հանդիսանում է ոչ միայն միջազգային պարտավորություն, այլև՝ պետության ֆինանսական անվտանգության, իրավական համակարգի վստահելիության և իրավունքի գերակայության ապահովման կարևոր բաղադրիչ։
Կարևորվել է նոտարների դերը՝ որպես կանխարգելման համակարգի առանցքային մասնակիցների, ընդգծվել է գործարքների վավերացման փուլում ռիսկերի բացահայտման, հաճախորդի պատշաճ ուսումնասիրության իրականացման և կասկածելի գործարքների կանխարգելմանը նպաստելու գործառույթը։
Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից կատարված դիտարկումներին, մասնավորապես՝ կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների որակի, ռիսկահեն մոտեցումների կիրառման և պատշաճ ուսումնասիրության փաստաթղթավորման հետ կապված հարցերին։
Ընդգծվել է, որ ոլորտում պատշաճ գործընթացների ապահովումը պահանջում է շարունակական համագործակցություն, մասնագիտական կարողությունների զարգացում և միասնական պատասխանատու մոտեցում։
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության և Կենտրոնական բանկի համապատասխան ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են ոլորտում արձանագրված հիմնական ռիսկերը և խնդիրները, կասկածելի գործարքների բացահայտման չափանիշները, հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և իրական շահառուների նույնականացման գործընթացներին վերաբերող գործնական հարցերը, ինչպես նաև՝ ռիսկահեն վերահսկողության արդյունավետ իրականացման մեխանիզմները։
Արդարադատության նախարարությունը շարունակելու է ոլորտում վերապատրաստման ծրագրերի իրականացումը և վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։