Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տարածաշրջանային տնօրեն Թոմաս Էրիկսոնի գլխավորությամբ՝ քննարկելու ընթացիկ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի շարունակականությունը։
ՇՄՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը և նախարարության համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կլիմայի փոփոխության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, վերջերս հիմնադրամի կողմից հաստատված երկու ազգային ծրագրերին, դրանց երկարաժամկետ արդյունավետությանը, ինչպես նաև Հայաստանի ազգային առաջնահերթություններին համապատասխան նոր ուղղությունների ձևավորմանը։ Կարևորվել են ծրագրերի համակարգված իրականացումը, արդյունքահենք մոտեցումը և համագործակցության խորացումը։
Նախարարության կողմից ընդգծվել է ընթացիկ համագործակցության կարևորությունը՝ ինչպես ազգային առաջնահերթությունների, այնպես էլ միջազգային պարտավորությունների իրականացման տեսանկյունից։ Բարձր է գնահատվել ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքը, որն ունի երկարաժամկետ և տարածաշրջանային նշանակություն, այդ թվում՝ էներգաարդյունավետության ոլորտում նոր մոտեցումների ձևավորման առումով։
Կողմերը կարևորել են նաև ծրագրային ուղղությունների սահմանման անհրաժեշտությունը Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորման հաջորդ շրջափուլի համար։
Կանաչ կլիմայի հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը և պատրաստակամությունը՝ շարունակելու կանաչ անցման ուղղությամբ համագործակցությունը՝ ընդգծելով երկրի աճող դերակատարությունը տարածաշրջանային ծրագրերում։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և առաջիկա փուլում նոր նախաձեռնություններ ձևավորելու պատրաստակամությունը։