Շշջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենի հետ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները՝ անդրադառնալով նաև Նորվեգիայի փորձին բնական աղետների, մասնավորապես՝ ջրհեղեղների կառավարման և կանխարգելման ուղղությամբ։
Կողմերն անդրադարձել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ակնկալիքներին, ինչպես նաև անցած համաժողովների փորձին։ Կարևորել են առաջնորդների մակարդակում բարձրացվելիք առաջնահերթ հարցերի հստակեցումը՝ առավել արդյունավետ արդյունքներ ապահովելու նպատակով։
Քննարկել են Գլոբալ վերանայման գործընթացը և առաջնորդների գագաթնաժողովի դերը՝ COP17-ի օրակարգի ձևավորման համատեքստում։
Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է ներառականության կարևորությունը՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ խոցելի խմբերի, բնիկ ժողովուրդների, կանանց և երիտասարդների մասնակցությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակման քաղաքականությանը, ինչպես նաև թվայնացման գործիքների կիրառմանը՝ խնդիրների բացահայտման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Քննարկել են Փարիզյան համաձայնագրի 6.2-րդ հոդվածի շրջանակում միջազգային ածխածնային շուկաների համագործակցության հնարավորությունները։ Նորվեգական կողմը ներկայացրեց Նորվեգիայի գլոբալ արտանետումների կրճատման նախաձեռնությունը (NOGER)՝ որպես կառավարություն-կառավարություն համագործակցության մեխանիզմ, որը միտված է հավելյալ արտանետումների կրճատմանը, կանաչ անցմանը և բարձր վստահելիությամբ միջազգային համագործակցության զարգացմանը։
Համբարձում Մաթևոսյանը ողջունել է Նորվեգիայի առաջնորդող դերակատարումը 6.2-րդ հոդվածի շրջանակում և ընդգծել է Հայաստան-Նորվեգիա համագործակցության հնարավորությունների ուսումնասիրման կարևորությունը՝ մասնավորապես NOGER նախաձեռնության շրջանակում։ Նշել է, որ համագործակցությունը կարող է մեկնարկել տեխնիկական պատրաստվածության բարձրացման, ոլորտային վերլուծության և մեթոդաբանական աշխատանքների փուլից՝ հետագայում անցնելով փորձնական ծրագրերի իրականացման, հատկապես արդյունաբերության ոլորտում։
Ընդգծել է, որ նման համագործակցությունը կնպաստի Հայաստանի ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC 3.0) իրականացմանը, կուժեղացնի մեր երկրի ինստիտուցիոնալ կարողությունները 6-րդ հոդվածի շրջանակում մասնակցության համար և կբացի նոր հնարավորություններ կլիմայական ֆինանսավորման և ցածր ածխածնային ներդրումների ներգրավման համար։
Նորվեգական կողմը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին միջազգային բանակցային գործընթացներում։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի, Կոլումբիայի նախագահության և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։