Նորվեգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Օսլոյում ունեցանք կարևոր հանդիպում քաղաքապետարանի շրջակա միջավայրի և տրանսպորտի հարցերով փոխքաղաքապետ Մարիտ Քրիստինե Վեայի հետ, որին հաջորդեց ոլորտային շրջայցը։ Շրջայցին մասնակցում էր նաև Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Հանդիպման ընթացքում բարձր գնահատեցի Օսլոյի առաջնորդող դերը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ։
Շրջայցի ընթացքում ծանոթացանք քաղաքային միջավայրում կիրառվող բնահենք լուծումներին (Nature-based Solutions), մասնավորապես՝ ջրային ռեսուրսների կառավարման ժամանակակից մոտեցումներին։ Ներկայացվեցին քաղաքի միջով հոսող գետերի վերականգնման և ինտեգրման ծրագրերը, ջրերի արդյունավետ կառավարման մեխանիզմները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ ձկնանցարանների և էկոհամակարգային հավասարակշռության ապահովման լուծումները։ Այս փորձը կարևոր է մեզ համար՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքներում ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական ռիսկերի նվազեցման առաջնահերթությունները։
Առանձնահատուկ հետաքրքրությամբ անդրադարձանք նաև Օսլոյի հաջողություններին կայուն տրանսպորտի զարգացման և զրոյական արտանետումներով շարժունակության անցման ուղղությամբ, ինչը կարևոր ուղղություն է նաև Երևանի համար։
Քննարկեցինք երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես քաղաքային մակարդակում փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և համատեղ փորձնական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Քաղաքները գտնվում են կլիմայական և կենսաբազմազանության պահպանության գործողությունների առաջնագծում։ Օսլոն ցույց է տալիս, թե ինչպես կարելի է գիտությունը, կառավարման արդյունավետ համակարգերը և ֆինանսական գործիքները համադրել՝ իրական ազդեցություն ապահովելու համար։ Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու գործընկերությունները, որոնք հնարավորություն կտան հավակնոտ նպատակները վերածել գործնական արդյունքների»,- նշված է գրառման մեջ։