Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Ապրիլի 12-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այցելել է կառուցվող համալիր՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ին:
Նախարարը շրջել է համալիրի տարածքում՝ դիտարկելով շենքի ներքին և արտաքին լուծումները։ Շինարարները ներկայացրել են աշխատանքային և օժանդակ սենյակների կառուցման տեխնիկական առանձնահատկությունները։
Արփինե Սարգսյանը կարևորել է շենքի ֆունկցիոնալ հարմարությունները, ծառայողների համար ստեղծվող պայմանները և աշխատանքային գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները։
.jpg)
Շուտով Սևանի ջրափրկարարական ջոկատը կտեղափոխվի նոր վարչական համալիր, ինչը հնարավորություն կտա բարձրացնել արձագանքման արագությունն ու փրկարարական աշխատանքների որակը՝ նպաստելով հանրային անվտանգության ամրապնդմանը։
Նույն օրը ՆԳ նախարարն այցելել է նաև Ջրային պարեկային ծառայություն՝ դիտարկելու մոդուլային բլոկներից պատրաստված լողացող նավամատույցի տեխնիկական հնարավորությունները։ Նավամատույցն ապահովում է մոտորանավակների անվտանգ մոտեցումն ու կանգառը ափին։ Նախարարին ներկայացվել են տեղադրման և ամրացման տեխնիկական լուծումները։
Արփինե Սարգսյանը շինարարական աշխատանքների պատշաճ կազմակերպման և սահմանված ժամկետում շահագործման հանձնելու ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ։