Շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել հումանիտար հարցերի շուրջ: Մենք մեր խնդիրներն ենք բարձրաձայնել, իրենք՝ իրենցը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նաիրա Սուլթանյանը՝ անդրադառնալով օրերս Գաբալայում հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած հանդիպմանը:
«Մենք խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին ոչ մեկ անգամ: Պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը, և հերթական անգամ կարող եմ ասել՝ շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի պրոցեսի առաջընթացը:
Բարձրաձայնել ենք նաև անհայտ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն ընթանում:
Բնականաբար, իրենք էլ իրենց հերթին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ականների պայթյունների հետևանքով վնասված, զոհված անձանց հարցը: Նշվել է 432 թիվը և 3000-ից ավելի անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը: Իհարկե, մենք խոսում ենք 90-ականների պատերազմի մասին»,- ասաց նա: