Արցախցի Բաղրամյանների 14-հոգանոց գերդաստանի համար այս տան պատերից ներս ապագան առավել անորոշ է, քան հոկտեմբերի 2-ի առավոտն էր, երբ պարտադրված լքեցինց իրենց տունը:
Հադրութի Ուխտաձոր գյուղից նստել են ավտոբուս ու տեղեկացել, որ Հայաստան են գալիս: Ուխտաձորից Ուրցաձոր ճանապարհը պատերազմից փրկվելու՝ Բաղրամյանների երթուղին դարձավ:
Պատկերացում անգամ չունեին, որ կողպված տան դռներն այլևս իրենք չեն բացելու:
Մարգո Բախշյան - Հադրութից տեղահանված - Դամաշնիկով ենք եկել, ոչ մի բան չենք վերցրել։ Ապրիլին որ չորս օր տևեց, մտածեցինք` այս անգամ էլ չորս օր կտևի, գնալու ենք, գանք:
Սեպտեմբերի 27-ից հետո Մարգո Բախշյանը գիշերները գրեթե չէր քնում, այդ գիշերն էլ արթուն էր անցկացրել:
Լուսադեմին հակառակորդի սաստիկ կրակոցներից րոպեներ անց ընտանիքը տարհանվել է:
Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի կիսախոնավ պատերով այս տանն էլ օրեցօր մարել է Հադրութ վերադառնալու վերջին հույսը:
Տարիներով ստեղծած ապրուստը թշնամուն թողած ընտանիքը պատերազմի օրերին աղոթում էր միայն մի բանի համար՝ մարտի դաշտում կռվող եղբայրները ողջ ու առողջ տուն վերադառնան:
Մայրը տղաներից հեռախոսազանգ ստանում էր լավագույն դեպքում շաբաթը մեկ:
Հոկտեմբերի 11-ին Սևակը մորը զանգել է վերջին անգամ: Մեկնելուց առաջ էլ չի մոռացել, աշխատավարձի քարտն ու գաղտանաբառը տվել է նրան:
Սևակի զոհվելու լուրը օրեր անց ընտանիքին հայտնել է նրա ծառայակից պայմանագրայիններից մեկը:
ժամանակավոր բնակության համար հատկացված տան մի անկյունում՝ դեղին ծաղիկների կողքին, Սևակի լուսանկարն է: Սակայն 29-ամյա տղայի մարմինը դեռ չի գտնվել:
Սոցիալական ծանր պայմաններից անկախ, մայրը խնամքով պահում է որդու երեք ամսվա աշխատավարձը: Հուղարկավորությունը պետությունն է կազմակերպում, բայց գուցե այլ ծախսերի կարիք լինի:
Մարինե Բաղրշիրյան - Սևակի մայրը - Փող չունեմ, որ բերեն ինչ եմ անելու... Մի կոպեկ չեմ վերցնում էդ փողից։
Սևակի եղբայրը շարունակում է պայմանագրային ծառայությունը: Մայրը մի որդուն կորցնելուց հետո կուզեր մյուսի կողքին լինել, սակայն Ստեփանակերտից ասել են՝ ազատ տուն չկա, որ վերադառնան, այնտեղ ապրեն:
Պետական կառույցներից մինչև այժմ ստացած աջակցությունն այս ներքնակներն են: Մի քանի կտոր սպասք էլ բարեկամներն են տվել, որ բավարարի բազմանդամի ընտանիքին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Լուրերին» հայտնեցին՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրից տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա 300 հազար դրամ միանվագ աջակցություն:
Ընտանիքի հայրը զրույցի ընթացքում որևէ բառ չի ասում:
Մարգո Բախշյանը մի քանի րոպե փորձում է հիշել , թե ինչ ունեցվածք են թողել գյուղում, թվարկում է՝ 60 տոննա ցորեն ու գարի, 15 կով, խոզ, հավեր, ավտոմեքենա, գյուղտեխնիկա:
Սևակի մայրը՝ Մարինեն, թեև հույսը կորցրել է, միևնույն է, ամեն օր որդու հեռախոսահամարին է զանգում:
Ասում է՝ փոքրիկների հարցերին պատասխաններ չի գտնում:
Տեսախցիկի մոտ էլ փոքրիկները քչախոս են, միայն բանավոր նամակ են փոխանցում Ձմեռ պապիկին: